ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում դեկտեմբերի 11-ին մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք ստացած, շարքային՝ 19-ամյա Արթուր Դանիելյանը Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ոտնաթաթի վիրավորմամբ: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ զինծառայողի վիճակը կայուն է, իրեն լավ է զգում, խոսում է: «Ամպուտացիա է արվել (վերջույթների հատումն է ոսկրերի մակարդակով), վիրահատվել է ստորին երրորդական սրունքը՝ ոտնաթաթը: Պայթյունի ժամանակ ոտնաթաթը պոկված է եղել»,- ասաց Էդիկ Գրիգորյանը:
Հոսպիտալի պետը նշեց՝ կանոնակարգի համաձայն՝ վիրավորված զինծառայողը տեղափոխվելու է Երևան, սակայն դեռևս դրա անհրաժեշտությունը չկա, ամեն բան նորմալ է:
Սոնա Հարությունյան