Կառավարությունը դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման հանձնաժողովի անդամի կողմից յուրաքանչյուր գրավոր աշխատանքի ստուգման և գնահատման դիմաց կսահմանի 5000 դրամի չափով հատուցում: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում:
Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության արդյունքների բողոքարկման հանձնաժողովի անդամի կողմից յուրաքանչյուր բողոքի քննության դիմաց սահմանվում է 3750 դրամի չափով հատուցում: Սույն իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բացատրվում է նրանով, որ թեպետ ՀՀ դատական օրենսգրքի 115.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգման և գնահատման նպատակով ձևավորվում է համապատասխան գնահատման հանձնաժողով, իսկ քննության արդյունքների բողոքարկման հետ կապված հարցեր լուծելու նպատակով՝ բողոքարկման հանձնաժողով, որոնց պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին Դատական դեպարտամենտը վճարում է հատուցում՝ կառավարության սահմանած չափով, սակայն 2014 թվականից առ այսօր կառավարության կողմից գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամներին վճարվող հատուցման չափ չի սահմանվել:
«Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամները յուրաքանչյուր գրավոր աշխատանքի ստուգման և գնահատման համար միջինում ծախսում են 40 րոպե, ինչը համարժեք է մեկ ակադեմիական ժամին, իսկ գրավոր քննության արդյունքների յուրաքանչյուր բողոքի քննության համար՝ 30 րոպե»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: