Այս շաբաթ օրը Ծաղկաձորում կկայանա ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանդիպումը գործարարների հետ: Նմանատիպ մի հանդիպում էլ, ինչպես հիշում ենք, տեղի էր ունեցել նախագահի և վարչապետի մակարդակով: Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը մասնակցել է 3 տասնյակ գործարար՝ այնքան, որքան Ներդրողների ակումբի անդամների քանակն է: Նախագահը նրանց ասել է, որ չպետք է հույսը միայն արտաքին ներդրումների վրա դնել: Դա նշանակում է, որ այդ ուղղությունը տապալվել է, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի քաղաքական առաջիկա ծրագրերում կա տնտեսական մասն ապահովելու խնդիր: Այդ խնդիրը սկզբունքորեն կարելի է լուծել հենց Հայաստանում: Ըստ տարբեր տեղեկությունների՝ Հայաստանից տարեկան դուրս է բերվում մոտ 1 միլիարդ դոլար: Պաշտոնական բացատրություններում ասվում է, թե Հայաստանի շուկան փոքր է, եւ կապիտալը փնտրում է նոր շուկաներ: Մյուս կողմից, այս բաց վիճակագրությունն արտաքին ներդրողների համար որոշակի ցուցիչ է՝ ինչու պետք է գան այստեղ՝ եթե տեղական գործարարները հանում են իրենց փողը:
Հայաստանում պետությունը ստեղծել է այնպիսի տնտեսական միջավայր, որտեղ ավելի շատ փող հնարավոր է աշխատել ներմուծումով, ապա գործարարները գնալու են այդ ճանապարհով, եւ թերեւս հակառակով գնալն անլուրջ կընկալվի գործարարի դեպքում: Հետեւաբար, բարոյախրատական ճառերի փոխարեն, պետության դերը տնտեսական անհրաժեշտ միջավայր ձեւավորելն է: Եվ եթե պետությունն ուզում է, որ գործարարները տեղական արտադրություն հիմնեն, ապա կա մի պարզ ու տրամաբանական տարբերակ` տեղական արտադրողի համար ստեղծել գործունեության առավել նպաստավոր պայմաններ, քան ներմուծողների համար է ստեղծված, որոնք տարիներ շարունակ Հայաստանում գերշահույթներ են ստանում եւ նորանոր ոլորտներ նվաճում: Եթե ներմուծումով փող աշխատելը հեշտ է, ուրեմն պետք է ավելի հեշտացնել տեղական արտադրությամբ փող աշխատելը: Եթե գործարարները գերադասում են ներմուծմամբ զբաղվել ու այն աստիճան, որ Նախագահը հարկ է համարում նրանց խորհուրդ տալ զբաղվել տեղական արտադրությամբ, ուրեմն տնտեսական քաղաքականության մշակներն իրենց գործը լավ չեն անում:
Տնտեսական քաղաքականության մշակումը Սերժ Սարգսյանը վերապահել է Կարեն Կարապետյանին: Սակայն Հայաստանում կա տնտեսություն կառուցելու խնդիր, նոր տնտեսություն: Դա կամ պետք է անել՝ քանդելով հինը, ինչը Կարեն Կարապետյանը չի կարող անել մի շարք թե սուբյեկտիվ, թե օբյեկտիվ պատճառներով, կամ պետք է ստեղծել հնին զուգահեռ տնտեսական համակարգեր, լիովին այլ բնույթի ու որակի: Հայաստանի իշխանական համակարգի միակ խնդիրը փողն է, այդ համակարգը վախենում է միայն փողի վերջանալուց: Թե՛ Կարապետյանը, թե՛ Սարգսյանը այդ համակարգի ներկայացուցիչներ են, հետևաբար, այս հարցում նրանք չունեն հակասություններ, հակառակը՝ առկա է ընդհանուր շահ: Կապիտալի արտահոսքի վիճակագրությունը՝ վերջին 10 տարում 7-12 միլիարդ, ըստ տարբեր տվյալների, նշանակում է, որ Հայաստանում շատ փող է «ստեղծվում». խնդիրն այդ կապիտալի կառավարումն է: Եթե դրա նույնիսկ կեսը ներդրվում է Հայաստանում, ապա կարելի է ակնկալել տնտեսական աճ ու զարգացում: Անկասկած, իշխանությունների թիվ մեկ խնդիրը կապիտալը երկրում պահելն է, գուցե ոչ այնքան տնտեսության զարգացման, որքան հենց իրենց համար «անվտանգության բարձիկների» ապահովման նպատակով:
Ստելլա Խաչատրյան