ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում աշխատանքային հանդիպում դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի և «IRZ» միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերի ու նույն հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանի միջև: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Հանդիպման սկզբում, ողջունելով հյուրերին, Ա. Օսիկյանը կարևորեց հանդիպման նշանակությունը' շեշտելով կազմակերպության հետ շարունակական համագործակցության անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փորձագիտական խորհրդատվությունների, առաջավոր փորձի փոխանակման, քրեակատարողական հիմնարկներում սոցիալ-հոգեբանական աշխատանքների զարգացման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, ազատազրկված անձանց կենսապայմանների որակի բարելավման և դրա հետ կապված' հասարակական ընկալման փոփոխության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ օրախնդիր հարցեր:
Այցի ավարտին Թերեզա Թալհամերը գոհունակություն հայտնեց հանդիպման համար և կարևորեց այն փաստը, որ կարճ ժամանակամիջոցում համագործակցությունը շոշափելի արդյունքներ է արձանագրել:
Վերջում կողմերի միջև համագործակցությունը, այդ թվում նաև թիրախային քրեակատարողական հիմնարկների ներգրավմամբ, շարունակական դարձնելու պայմանավորվածություն ձեռք բերվեց: