«Ժողովուրդ» օրաթերթը գրում է ․
«ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կանոնակարգի խախտումներով է կադրային նշանակումներ կատարում:
Native ads by Caramel
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա այդպես է վարվել Գյումրու թիվ 1 գիշերօթիկ դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակման ժամանակ: Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար դեկտեմբերի 5-ին անցկացվել է մրցույթ, եւ առաջադրված երկու թեկնածուները՝ դպրոցի տնօրեն Գինուշ Զատիկյանն ու թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Ավետիսյանը, ճանաչվել են հաղթող:
Այնուհետեւ սահմանված կարգի համաձայն' երկու թեկնածուների մեջ նախարարն ինքը պետք է որոշում կայացնի:
Արտեմ Ասատրյանն էլ նախապատվությունը տվել է Գ. Զատիկյանին՝ նշանակելով սահմանված կարգի խախտմամբ. նա որոշումն ընդունել է դեկտեմբերի 13-ին՝ մրցույթից 8 օր անց: Մինչդեռ նախարարի' 16.02.2006թ. N21-Ն հրամանին կից հավելվածի 35-րդ կետի համաձայն' նախարարը հաղթող ճանաչված թեկնածուներից որեւէ մեկին պետք է նշանակեր եռօրյա ժամկետում: Մեկ փաստ էլ' Զատիկյանին սատարում են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։