Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Օրակարգի շրջանակներում քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, ահաբեկչության դեմ տարվող պայքարին ուղղված հարցերն ու հիմնախնդիրները:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի խոսքով՝ նախագահ Սարգսյանը Ազգային անվտանգության նիստ հրավիրելով՝ ընդամենը փորձում է գոտիները ձգելու իր քաղաքականությունն ամրապնդել. «Սա ընդամենը ժողովրդի աչքը վախեցնելու և ժողովրդին զգաստացնելու մի տարբերակ է, որևէ այլ լուրջ բովանդակություն՝ այն չունի»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց նա:
Դիտարկմանը, որ ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցն ըստ նախագահի, կատարելագորման անհրաժեշտությո՞ւն ունի փաստորեն, Մակեյանը պատասխանեց. «Դե, բնականաբար, նոր մեթոդներ կկիրառեն, կխստացնեն հակազդման միջոցները, որպեսզի ժողովրդի աչքը վախեցնեն: Ես վստահ եմ, որ սրանից հետո կխստացնեն նաև ֆեյսբուքի նկատմամբ վերչահսկողությանը, որպեսզի մարդկանց զրկեն իրենց կարծիքն ազատ արտահայտելու հնարավորությունից»:
Պետրոս Մակեյանն անդրադարձավ նաև երեկ ԱԱԾ-ի տարածած հաղոդրագրությանն այն մասին, ըստ որի՝ հետախուզվում է ԱՄՆ քաղաքացի՝ Հայաստանում ահաբեկչություն կազմակերպելու գործով. «Որևէ ահաբեկչության պլանավորում էլ չի եղել, վստահ եմ՝ ոչ մեկն էլ չի հավատում դրան. «ԱԱԾ-ի տարածած հայտարարոթյունն ընդամենը այն շոուի մի մասն է, որ մեր երկրում կազմակերպվում է հաճախակի: Ի՞նչ է նշանակում՝ ԱՄՆ-ի քաղաքացին ՀՀ-ում ահաբեկչություն է ծրագրել: Հիմա կսպասենք, տեսնենք, արտահանձնում կատարվո՞ւմ է, հիմա ամենակարևորը դա է: Եթե նման բան է պլանավորվել, ուրեմն այստեղ ամենակարևորն ԱՄՆ-ի քայլերն են՝ տեսնենք քաղաքացի կարտահանձնե՞ն, թե ոչ»,-նշեց Մակեյանը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն երեկ հայտարարություն տարածեց՝ նշելով, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձևավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության և գաղտնապահության կանոնների մասին: Նույն ժամանակահատվածում նշված անհատական էջի միջոցով տարածվել են նաև Հայաստանի Հանրապետության իրավապահ և այլ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, պայթյուններ, հրկիզումներ իրականացնելու և այդ եղանակով համընդհանուր վախի մթնոլորտ ձևավորելու ուղղակի կոչեր:
Այս հայտարարությանը հաջորդել է ԱՄՆ դեսպանատան պարզաբանումն, ըստ որի, իրենք համագործակցում է ՀՀ իրավապահ մարմինների հետ՝ ԱՄՆ քաղաքացու կողմից Հայաստանում ահաբեկչություն կազմակերպելու գործով հետաքննության շուրջ և քննության շահերից ելնելով՝ այս պահին չեն կարող հավելյալ մանրամասներ տրամադրել: