Արարատի մարզում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի հատվածում տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով հոսպիտալացվել է 7 մարդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, առաջին ահազանգը Ոստիկանության Մասիսի բաժին հիվանդանոցից ստացվել է 09:05-ին, որ վթարի հետևանքով վնասվածքներով մարդիկ են տեղափոխվել: «Այս պահին օպերատիվ խումբը դեռ դեպքի վայրում է, վթարի հետևանքով այս պահին 5 տուժող դիմել է Մասիսի հիվանդանոց, 2-ը' Արտաշատի»,-ասացին ոստիկանությունից: Բախված մեքենաների թվաքանակի վերաբերյալ, սակայն, ոստիկանությունից տեղեկություններ չհայտնեցին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանն էլ տեղեկացրեց, որ վթարի վերաբերյալ ԱԻՆ-ն ահազանգ չի ստացել:
ՀՀ տրանսպորտի նախարարությունից հայտնեցին, որ վթարված մեքենաներից շատերը լուրջ վնասներ չեն կրել, անգամ ԱՊՊԱ չեն կանչել ու շարունակել են իրենց ճանապարհը:
Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության համաձայն' վթարը տեղի է ունեցել 07:20-ին, 53 մեքենա է բախվել, վթարված ավտոմեքենաները շարված են մոտ 1.5 կմ: