Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց քաղաքացիական և վարչական գործերով էլեկտրոնային եղանակով դատարան դիմելու հնարավորություն ընձեռող օրինագիծը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Քաղաքացիական դատավարության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին միաձայն կողմ քվեարկեց 98 պատգամավոր:
Նախագծով հայցադիմում, դիմում, հայցադիմումի պատասխան, միջնորդություն կամ այլ փաստաթղթեր դատարանին կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով: Այդ հարթակն արդեն տեխնիկապես պատրաստ է. «Դատալեքս» տեղեկատվական համակարգի միջոցով դա հնարավոր է անել:
Անձը հնարավորություն կունենա ապացույցները ներկայացնել սկանավորված եղանակով, իսկ արդեն դատական նիստի ժամանակ կբերի նաև բնօրինակ փաստաթղթերը, եթե դրա անհրաժեշտությունը լինի: