Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցում ազատականացում է նախատեսվում. «Հայկական էլեկտրական ցանցեր» ընկերությունից բացի այլ ընկերություններ են գործունեություն ծավալելու: Այս մասին հայտարարել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: «Դա լրիվ նոր օրենսդրական նախաձեռնության փաթեթ է, որը շուտով կներկայացնենք խորհրդարան: ՀԷՑ-ից բացի այլ ընկերություններ են լինելու»,- ասաց Հարությունյանը:
Ինչո՞ւ հանկարծ Հայաստանը որոշեց գնալ մի քայլի, որով փաստացի բացվում է էներգետիկ անկախության ճանապարհը: Իրականում Հայաստանում այս ոլորտի քաղաքականությունը ձախողվել է՝ երկիրը կանգնեցնելով անխուսափելի ճգնաժամի առջև: Էներգետիկ շուկայում ռուսական ընկերությունների մենաշնորհային դիրքը և ենթակառուցվածքները տնօրինող ռուսական ընկերությունների ներդրումային և հատկապես տեխնոլոգիական անբավարար հնարավորությունները թույլ չեն տալիս զարգացնել համակարգը: Առկա է նաև ԵԱՏՄ միասնական էներգետիկ շուկայի ձևավորման խնդիրը, որի հետևանքով Հայաստանի էներգետիկ համակարգը նոր աղետի առջև է կանգնելու: Հայաստանի էներգետիկ հզորությունները և ենթակառուցվածքները ֆիզիկապես և բարոյապես մաշված են, ֆինանսական ներդրումների բացակայության պատճառով չեն արդիականացվում և, հետևաբար, երկիրը ժամանակի ընթացքում ընդհանրապես կզրկվի էներգետիկ համակարգից և ստիպված կլինի էլեկտրաէներգիա ներմուծել Ռուսաստանից կամ Վրաստանից:
Հայաստանի էներգետիկ համակարգն ամբողջությամբ իրացնելու և մենաշնորհելու՝ Ռուսաստանի փորձերը հայտնի կոռուպցիոն սկանդալից հետո տապալվեցին, դա հնարավորություն բացեց, որ այդ ոլորտում մենաշնորհը խախտվի: ՌԴ-ն, փաստորեն, ինքը հրաժարվեց դրանից՝ կոռուպցիոն սկանդալի հետևանքով, ինչը նշանակում է, որ դուռ է բացվում այլ ընկերությունների համար՝ հայաստանյան էներգետիկ դաշտ մտնելու հարցում: Ռուսաստանը հրաժարվեց ՀՀ էներգետիկ համակարգը մենաշնորհելու ցանկությունից: ՀԷՑ-ը սեփականաշնորհեց «Տաշիր գրուպ»-ը, ասել է թե՝ կառավարության համար միակ հնարավոր տարբերակն այն ժամանակ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի օգնությամբ ոչ արդյունավետ կառավարման արդյունքում ի հայտ եկած ճգնաժամը կարգավորելն էր: Սամվել Կարապետյանը չէր էլ թաքցնում, որ իր հետաքրքրությունների շրջանակում հենց էներգետիկ ոլորտն է՝ իբրև զարգացման ամենալուրջ հեռանկար ունեցող ոլորտը: Մեկ ամիս առաջ «Տաշիր գրուպ»-ը հայտարարեց մեկ միլիարդ դոլարի ներդրում կատարելու մասին: Բնական է, որ կառավարությունը քաջ գիտակցում է, որ այդ մեկ միլիարդը բավարար չէ ոլորտն ուշքի բերելու համար, հատկապես, որ ներդրումների առյուծի բաժինը ուղղվելու է վերականգնվող էներգետիկային և դեռ հասկանալի չէ՝ երբ այդ ներդրումը շոշաշփելի արդյունք կբերի: Բացի այդ՝ ՀԷՑ-ը վերջին ամիսների ընթացքում զգալիորեն ավելացրել է իր վարկային պարտավորությունները, իսկ դա նշանակում է, որ ոլորտում միակ խաղացող մնալու դեպքում էլէներգիայի սակագնի բարձրացումից խուսափելն անհնար կլինի:
Հայաստանի էներգետիկ համակարգն ամբողջությամբ իրացնելու և մենաշնորհելու՝ Ռուսաստանի փորձերը կոռուպցիոն աղմուկից հետո տապալվեցին, դա հնարավորություն բացեց, որ այդ ոլորտում մենաշնորհը խախտվի: Ժամանակին ռուսական կողմն ամեն բան արեց Հայաստանի էներգահամակարգին տիրանալու համար: Հիմա ինչո՞ւ է ուզում հեռանալ, արդյո՞ք միայն այն պատճառով, որ ձեռքից բաց է թողել Որոտանի ՀԷԿ-երի համալիրի գործարքը: Նկատի ունենանք, որ ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերությունը Որոտանի ՀԷԿ-ում 250 միլիոն դոլար է ներդնելու, որն ամենախոշոր տնտեսական եւ ներդրումային գործարքն է ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ: Այս գործարքը երկու անգամ ձգձգվեց, եւ պատճառները կարելի է ենթադրել: Բայց երբ ի վերջո կայացավ, կայացավ մի ժամանակահատվածում, երբ ՀԷՑ-ը, որը պատկանում է «Ինտեր-ՌԱՕ ԵԷՍ»-ին, իբր միլիոնավոր դոլարների պարտք է կուտակում ու ՀՀ-ից հեռանալ է պատրաստվում: Ինչու՞, չէ՞ որ կարող է անընդհատ 65 տոկոս շահույթ ունենալ, բայց վնաս ցույց տալ, էլեկտրաէներգիա թանկացնել ու ճոխ ապրել: Որոտանի գործարքի՞ց նեղացավ «մեծ եղբայրը»:
Իհարկե, դժվար է պատկերացնել, որ դաշտը կազատականացվի ամբողջությամբ, այսինքն՝ ամեն դեպքում՝ Սամվել Կարապետյանին չնեղացնելու համար, ՀԷՑ-ը կպահպանի իր բնական մենաշնորհը, պարզապես այլ ընկերություններ ևս հնարավորություն կունենան մտնել ոլորտ և նոր ներդրումային ծրագրեր առաջ քաշել: Խոսքն առաջին հերթին արևմտյան կապիտալի մասին է, որը, բնականաբար, չի կորցնի նման շանսը:
Ստելլա Խաչատրյան