«Փաստ» օրաթերթը գրում է.
Արմավիրի մարզի Արազափ գյուղի 2 ընտանիքներ կորցրել են իրենց բնակարանները: Պատճառը՝ գյուղատնտեսական վարկերն են: Գյուղացիները հող մշակելու համար բանկից վարկ են վերցրել՝ գրավադրելով տունը: Վերցրած վարկը, սակայն, մարել չեն կարողացել: Տոկոսներն էլ կուտակվել են մայր գումարին՝ վարկառուին առանց բնակարան թողնելով:
Native ads by Caramel
«Թոշակառու կինը մնացել է առանց տան: Ես եմ մանկապարտեզի նախկին շենքում մի սենյակ հատկացրել, որ բնակվեն»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում պատմեց համայնքի ղեկավար Մանվել Հարությունյանը:
Տարիներ առաջ վերցրած վարկը չի կարողացել մարել ևս մեկ ընտանիք: Ընտանիքի հայրը տարիներ առաջ էր մահացել՝ վարկերի դարդից:
«Ասացին, որ չեն կարող կուտակված գումարները վճարել և գրավադրած տունը թողեցին բանկին: Հիմա այդ կինն ու որդին աղջկա տանն են բնակվում»,– հերթական վարկառուի պատմությունը ներկայացրեց Հարությունյանը:
Այստեղ գյուղացիների 90%–ը վարկեր ունի: Տեղացիները գյուղատնտեսությամբ զբաղվելու համար դեռ 10 տարի առաջ բանկերի հետ պայմանագիր կապեցին, ու ինչպես իրենք են ասում՝ «քաշվեցին»:
«Բանկը մեր գյուղով է կառուցվել: 1000 դոլարից է սկսվել այս ամբողջ պատմությունը: Մի տարի կարկուտ է եղել, բերք չի եղել, մյուս տարի՝ ցրտահարություն, մի տարի՝ ջուր չի եղել ու մարդիկ եկամուտ չեն ստացել: Երևի՝ ծրագիր էր մշակված, որ պետք է ժողովրդին այս օրը գցեին»,– սրտնեղեց մեր զրուցակիցը:
Ժամկետանց վարկերի պատճառով ևս 3 ընտանիք բնակարանը կորցնելու վտանգի առաջ է կանգնած: Նրանք, սակայն, բանկի հետ պայմանավորվել են, որ գումարները մաս–մաս վճարեն:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում