Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի համոզմամբ՝ «Հանրապետական» կուսակցությունում կա ներկուսակցական պայքար՝ ազդեցության գոտիներն ամուր պահելու համար, և ասվածի ապացույցն Ազգային ժողովում քվեարկության դրված քրեական դատավարության մասին օրենքի շուրջ բանավեճն էր. «Սահմանադրական է օրենքը, թե ոչ, սրա մասին վիճում են հենց հանրապետականները և սա ներկուսակցական պայքարի ապացույց է»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հակոբյանը:
Վեիրջինիս խոսքով՝ իշխանական կուսակցությունում առկա մրցակցությունը նպատակ է հետաապնդում ընդամենը հասարակությանը ցույց տալու, թե նոր սահմանադրությամբ ով է տան տերը:
ԼՈւՐԵՐ.com-ը բանախոսին խնդրեց գնահատել ԱԺ արտահերթ նստաժրջանի վերջին՝ դեկտեմբերի 21-ի նիստը: Բանախոսը նկատեց, որ ընդդիմադիր ԵԼՔ խմբակցությունը կաթվածահար անելով նիստն՝ ամրապնդեց ընդդիմադիրի իր կեցվածքն՝ ինչ-որ տեղ ստվերելով նաև «Ծառուկյան» դաշինքին:
«Այս վերջին արտահերթում տեղի ունեցածը ԵԼՔ-ի կողմից նախագհի թեկնածու առաջադրելու գործընթացի շարունակությունն է: Սրանով նրանք փորձում են սեփական քաղաքական օրակարգը ձևավորել և պատասխանել այն բոլոր քննադատություններին, ըստ որի, իրենք պրոյեկտ են: Նախագահի պաշտոնում Արտակ Զեյնալյանին առաջադրելով, ԵԼՔ-ը «Ծառուկյան» դաշինքին փաստի առաջ կանգնեցրեց և նրանց պաշտպանությունը հայցելով, այդ դաշինքին ստիպում է քայլ անել՝ անկախ իր կամքից: «Ծառուկյան» դաշինքը ստիպված գնում է ԵԼՔ-ի հետ բանակցության, ընկնում է նրանց ջրերը, որպեսզի ապացուցի, որ իսկապես ընդդիմադիր ուժ է»,-նշեց Վիգեն Հակոբյանը՝ ընդգծելով, որ խոշոր հաշվով՝ ԵԼՔ-ն այս մենամարտում շահեց:
Վիգեն Հակոբյանը նաև նկատեց, որ «Ծառուկյան» դաշինքի կողմից նախագահի թեկնածության առաջադրումը ձգձգվում է, քանի որ դաշնքում առկա է սպասողական վիճակ.«Նրանք սպասում են, թե ինչ վերադասավորումներ կլինեն իշխանությունում, վիճակը դաշինքում սպասողական է»:
Հիշեցնենք՝ ԱԺ դեկտեմբերի 21-ի նիստում ընդդիմադիր ԵԼՔ և «Ծառուկյան» դաշինքները բոյկոտեցին նիստն ու լքեցին նիստերի դահլիճը: ԵԼՔ-ն օգտվեց նաև կանոնակարգով սահմանված կուսակցությունների իրավունքից և վերցրեց քսան րոպե տևողությամբ ավելի քան տաս ընդմիջում՝ խախտելով նիստի անցկացման բնականոն գորընթացը: