ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ պատրաստած «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն հիմա էլ դատի է տվել ՀՀ մշակույթի նախարարությանը: Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Փինք Արմենիա» ՀԿ-ի իրավաբան Հասմիկ Պետրոսյանը։

Նա նշեց՝ այս տարվա դեկտեմբերի 18-ին «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» կազմակերպությունը ՀՀ վարչական դատարան հայց է ներկայացրել նախարարության դեմ և պահանջում է պարտավորեցնել նախարարությանը ներկայացված տեսանյութերը և պաստառները ճանաչել սոցիալական գովազդ՝ զերծ մնալով խտրականությունից:

«Մշակույթի նախարարությունը մերժել էր ԼԳԲՏ մարդու իրավունքների պաշտպանության թեմայով գովազդները սոցիալական ճանաչել, սակայն մերժման նամակում չէր շարադրել Մշակույթի նախարարության պատասխան եզրակացությունը։ Նրանք նշում են, որ սոցիալական գովազդ համարվելու համար կարևոր է, որ այն ներկայացնի մարդու իրավունքների, սոցիալական պաշտպանության տարրեր, և որ դրա նպատակն է սոցիալական խնդրի, փաստի, վարքականոնի վերաբերյալ կամ բացասական երևույթի կանխարգելման, վեջինի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին հասարակությանն իրազեկելն է»,- ասաց Պետրոսյանը։

Իրավաբանի խոսքով՝ սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովը 0 կողմ, 0 ձեռնպահ և 11 դեմ ձայնով է մերժել երեք գովազդները սոցիալական ճանաչելու դիմումը։ Այդ գովազդներ են՝ «Դու ուզում ես, որ բոլորը երջանիկ լինեն, ուրեմն մաղթիր մեզ երջանկություն», «ԼԳԲՏ անձինք անտեսանելի չեն։ Դուք հանդիպում եք նրանց ամեն օր» և «Տրանս անձինք մեր հասարակության մասն են» անվամբ տեսանյութերն ու պաստառները։

Նշենք, որ Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ ԼԳԲՏ թեմայով գովազդները պարունակում են․ «Հասարակության մի խավի՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց գոյության, հասարակության մեջ ինտեգրված լինելու մասին գովազդ, որոնք որևէ հանրային կարևորության խնդրի չեն անդրադառնում և սոցիալական իրազեկման տարր չեն պարունակում»։

Թեև առայժմ նշանակված չէ այս գործով դատական նիստը, սակայն հայտնի է, որ այս գործը քննելու է վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը: Պետք է նկատել, որ դատավորին լուրջ փորձություն է սպասվում, քանի որ եթե ՀԿ-ի հայցը մերժի՝ փորձելու են աղմուկ բարձրացնել, իսկ բավարարելու դեպքում՝ կնշանակի համասեռամոլության քարոզչության կողմնակից է:

Հիշեցնենք՝ դեռևս ամիսներ առաջ Երևանի կենտրոնում հայտնվեցին սեռական փոքրամասնությունների թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ: Բայց երբ աղմուկ բարձրացավ թե Երևանի քաղաքապետարանը գովազդում է համասեռամոլությունը, դրանք 2017թ․ մայիսի 27-ին ապամոնտաժվեցին՝ պատճառաբանությամբ, որ դրանք ապօրինի են տեղադրվել։ Գովազդները հեռացնելու համար Փինք Արմենիան քաղաքապետարանի դեմ հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան, որն այժմ գտնվում է դատարանի վարույթում։ ՀԿ-ն դատի էր տվել Երևանի քաղաքապետարանին՝ նշելով, որ նրանց քայլը իրավաչափ չէ: 
 
Սոնա Հարությունյան