Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարարել է, որ ֆորսմաժորային իրավիճակներում Հայաստանը կարող է օգտվել Հարավային Օսիայի և Աբխազիայի տրանսպորտային միջանցքներից: Հայաստանը Ռուսաստանին կապող Վերին Լարսի անցակետը հաճախակի է փակվում:
Այս հայտարարությունից շատ կարճ ժամանակ անց՝ այսօր, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնում է Վրաստան:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը նշեց, որ Վերին Լարսի խնդիրն այն խնդիրներից է, որի լուծման շուրջ աշխատել են տարբեր տարիների վարչապետերն ու նախագահները. «Վերին Լարսի վերաբերյալ Վրաստանի վարչապետի այս հայտարարությունը, բնականաբար, հայկական կողմի վարած դիվանագիտության երկարատև աշխատանքի արդյունք է: Պարզ է, չէ՞, որ հարցի նման լուծումը մի քանի օրվա աշխատանքի արդյունք չէր կարող լինել: Թեև ես այստեղ չեմ բացառում նաև Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանի դերակատարումը: Ընդհանուր առմամբ՝ այս հայտարարությունը երկու երկրների առաջին դեմքերի, երկու պետությունների միջև բարի-դրացիական հարաբերությունների մասին է վկայում, որը երաշխիք է նաև մեր տնտեսվարող սուբյեկտների համար: Այսուհետ, փաստորեն, նրանք ստանում են երաշխիք պետական մակարդակով»,-ասաց պատգամավորը:
Հարցին՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումն արդյո՞ք իր դերակատարումն ունի Վրաստանի վարչապետի այս հայտարարության վրա, պատգամավորը նկատեց, որ այդ կապն իսկապես առկա է. «Գաղտնիք չէ, որ ԵՄ անդամ դառնալ ցանկացող Վրաստանը թեև դեմ էր ԵԱՏՄ ձևաչափին, բայց համբերատար սպասում էր ՀՀ կողմից այդ քայլի իրականացմանը: Եվ այո՛, ՀՀ-ԵՄ համաձայնագիր ստորագրումը նպաստող գործոն էր Լարսի խնդրի նման հանգուցալուծման համար: Վրաստանի վարչապետի այս հայտարարությունը նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրի առաջին արդյունքը կարելի է համարել, որն ապացուցում է, որ Հայաստանն իսկապես գնացել է «և- և»-ի ճանապարհով,-ասաց Մախմուդյանը:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի խորհրդարանում հայտարարել է, որ շվեյցարական SGS ընկերության հետ ստորագրված պայմանագրի համաձայն, Վերին Լարսի ավտոճանապարհի արտակարգ իրավիճակների պարագայում հնարավոր է բեռնափոխադրում Հարավային Օսիայի տարածքով Վրաստանից Ռուսաստան: Կվիրիկաշվիլին ասել է, որ դրանից կարող են օգտվել Թուրքիան եւ Հայաստանը:
Հավելենք նաև, որ Վրաստանի վարչապետն ասել է, որ Թբիլիսին առայժմ միակողմանի է տալիս իր համաձայնությունը, քանի որ ռուսական կողմը դնում է անընդունելի քաղաքական պահանջներ: Բայց Վրաստանը հայտարարել է բանակցությունը շարունակելու հաստատակամության մասին:
Աղավնի Սուքիասյան