Կառուցողական, դրական շեշտադրումներով. ՀՀ նախագահի այցը Վրաստան այսպես բնորոշեց վրացագետ Ջոնի Մելիքյանը:
«ՀՀ նախագահը Վրաստանում բավական ներկայացուցչական կազմով էր: Զուգահեռ եղան հանդիպումներ պաշտպանության, արտաքին գործերի նախարարների միջև: Հիմնականում հանդիպումները փակ ռեժիմով էին, սակայն իմ ունեցած տեղեկություններով, քննարկվել են գրեթե բոլոր փոխադարձ հետաքրքրող հարցերը»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Ջոնի Մելիքյանը:
Վրացագետն առանձնացրեց տնտեսական ու անվտանգության հարցերը: Տնտեսության ոլորտում հետաքրքրությունը տարբեր ուղղություններով են' տրանսպորտ, էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տուրիզմ, առևտուր: Ընթացիկ տարվա 11 ամիսների տվյալներով երկու երկրների առևտրաշրջանառությունն աճել է 24 տոկոսով: Նշված ժամանակահատվածում աճել է Հայաստանից Վրաստան արտահանման ծավալը:
Ակտիվություն նկատվում է զբոսաշրջության ոլորտում: Վրաստանի տվյալներով այս տարի 7 մլն միջազգային այցելու է ժամանել Վրաստան, որոնց մի մասը հայաստանցիներն են: Նրանց թիվը 11 ամիսներին կազմել է մոտ 1.5 մլն: «Սա փոքր թիվ չէ, և պատկերացրեք ինչ ներդրում ունենք Վրաստանի զբոսաշրջության ոլորտում»,-ասաց Ջոնի Մելիքյանը:
Անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին' վրացագետը կարևոր համարեց երկու երկրների ընդհանուր մոտեցումը ենթակառուցվածքների զարգացման հարցում' տարանցիկ երկիր դառնալու համատեքստում:
«Այսօրվա դրությամբ մեզ մոտ իրականացվում է Հյուսիս-Հարավ ծրագիրը: Վրաստանն ունի նման նախագիծ, որի վրա 3-4 տարվա ընթացքում կարող են ծախսել 4-5 մլրդ դոլար: Վրաստանի Արևելքը Արևմուտքի հետ միացնելու հնարավորություն կա, այն բարձր որակի ճանապարհ է լինելու: Եթե մենք կարողանանք արագ տեմպերով ավարտել Հյուսիս-Հարավ ծրագիրը, միանանք վրացական ճանապարհին, ապա լավ նախադրյալներ կլինի Իրանի հետ բանակցություններում որպես տարանցիկ երկրի հնարավորությունները ներկայացնելու առումով»,-ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանի ու ԵՄ-ի միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին, վրացագետը նշեց, որ հայ-վրացական հարաբերություններում դա կարելի է դիտարկել որպես լավ ֆոն:
«Չեմ կարծում, որ հայ-վրացական հարաբերություններում այդ քայլը ինչ-որ մի բան կարող է փոխել, քանի որ կար կայուն զարգացող հարաբերություն: Մենք տեսանք, որ Վրաստանը շնորհավորում էր Հայաստանին, ԵՄ-ի հետ ստորագրված փաստաթուղթը դրական էր գնահատում, սակայն ելույթներից պետք է հասկանալ, որ շեշտվում էր Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցությունը: Մեզ այդ կողմից են ընկալում»,-ասաց նա:
Խոսելով Վրաստանի վարչապետի այն հայտարարության մասին, որ ֆորսմաժորային դեպքերում Հայաստանը կարող է օգտվել Աբխազիայի և Հարավային Օսիայի տրանսպորտային միջանցքներից' ապրանքները Ռուսաստան հասցնելու համար, նշեց, որ դա լավ հնարավորություն կլինի:
«Վստահ եմ' ՀՀ նախագահի այցի ընթացքում այս հարցը քննարկված կլինի: Եթե Վրաստանի վարչապետի ասածն իրականություն դառնա, հատուկ դեպքերում Հայաստանը կդիմի Վրաստանին, և թույլտվության դեպքում, հայկական բեռները կարող են տեղափոխվել տրանսկովկասյան ճանապարհով դեպի Ռուսաստան»,-ասաց նա:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ դեկտեմբերի 25-ին պաշտոնական այցով մեկնել է Վրաստան:Կայացել է երկու երկրների նախագահների առանձնազրույցը, որին հաջորդել են ընդլայնված կազմով հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Բանակցությունների արդյունքները նախագահներ Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով: Նախագահ Սարգսյանը հանդիպել է նաև Վրաստանի վարչապետի հետ: