Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ի պատասխան Aravot.am-ի հարցման, հաստատել է տեղեկությունը, որ օրեր առաջ ուժային կառույցների կողմից կանխվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ առնչության մեջ կասկածվող օտարերկրյա պետության քաղաքացու մուտքը Հայաստան: Օրեր առաջ ուժային կառույցների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հատուկ գործողություն  իրականացնելու և մեր երկիր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկի մուտքը կանխելու մասին լուրեր էին տարածվել: 

Կատարվածի մանրամասները պարզելու համար դիմել էինք ԱԱԾ, որտեղից այսօր հաստատել են տեղեկությունը՝ հայտնելով, որ «ԱԱԾ ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իսկապես կանխվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ առնչության մեջ կասկածվող օտարերկրյա պետության քաղաքացու մուտքը Հայաստանի Հանրապետություն»:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակելու պատճառաբանությամբ ԱԱԾ-ն դեպքի հետ կապված այլ մանրամասներ չի հայտնել, բայց և տեղեկացրել է, որ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների մասին հավաստի տեղեկություններ ստանալու դեպքում կանխարգելիչ նման միջոցառումներ մշտապես են իրականացնում:

Մասնավորապես, միայն 2017թ. ընթացքում հակաահաբեկչական միջոցառումների շրջանակներում արգելվել է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ հնարավոր առնչության մեջ կասկածվող այլ պետության 960 քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն, ևս 95 օտարերկրացի վերցվել է սահմանային վերահսկողության՝ հատուկ հետախուզման ռեժիմով:

ԱԱԾ-ից հայտնել են նաև, որ Հայաստանի տարածք միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների ներթափանցումը նախականխելու նպատակով Ազգային անվտանգության մարմիններն ակտիվ համագործակցում են այլ պետությունների գործընկեր ծառայությունների հետ: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում