«Աջ ղեկ» նախաձեռնության անդամներն այս պահին Կառավարության դիմաց բողոքի ցույց են սկսել՝ ընդդեմ աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրելու որոշման: Նախաձեռնության անդամները հանդիպում են պահանջում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, քանի որ ըստ նրանց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպումը ոչ մի արդյունք չի տվել և իրենք որոշել են շարունակել պայքարը:

Ավտոերթի մասնակիցները պահանջում են չեղարկել աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող օրենքը:

Նշենք, որ ակցիայի մասնակիցների հետ հանդիպման էր դուրս եկել Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչը, ով տեղեկացրեց, որ ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու գրանցումը, իսկ գործող սեփականատերերը դրանք կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել:

Սակայն նախաձեռնության անդամները նշեցին, որ շարունակելու են բողոքի ակցիան: Նրանցից մեկը նկատեց, որ ԵՏՄ անդամակցությունից հետո, այսպես թե այնպես, որոշում է ընդունվել, որ երրորդ երկրներից ներմուծվող մեքենաների թիվը սահմանափակվում է. «Սա նշանակում է, որ ժամանակավրեպ նախաձեռնություն է մշակվել և ներկայացվել, որը սոցիալական խնդրի առաջ է կանգնեցնում մի ստվար զանգվածի»,- նշեց նա: 

Հիշեցնենք՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ներկայացրել է մի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Սա հիմնավորվում է աջակողմյան ղեկով մեքենաների շահագործման՝ տեխնիկապես վտանգավոր լինելով: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումը: