Թուրքիայի գործող և նախկին նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Աբդուլլահ Գյուլի միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Diken պարբերականը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առջև ելույթի ժամանակ Էրդողանը բացասական է արտահայտվել նախկին նախագահի հասցեին:
«Նախկինում մեր կուսակցության հարկի տակ, իսկ այժմ դրսում գտնվող ոչ ոք իրավունք չունի մեր կուսակցության հետ կապված հայտարարություններ անել: Բոլորը բերանները բացելուց պետք է ուշադիր լինեն, թե որտեղ են եղել»,- հայտարարել է Էրդողանը:
Գյուլի հետ նրա տարաձայնությունները սկսվել են այն բանից հետո, ինչ նախկին նախագահը «խիստ մտահոգիչ» էր անվանել Էրդողանի ստորագրած օրենքը, որը ենթադրում է անձեռնմխելիություն սահմանել բոլոր այն քաղաքացիական անձանց համար, ովքեր ճնշել կամ բռնություն են գործադրել են հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցների նկատմամբ: Էրդողանը Գյուլի այս հայտարարությունը «վշտացնող» էր անվանել, իսկ Գյուլը պատասխանել էր, որ դա «իմ պարտականությունն է»:
Ի պատասխան այս հայտարարության Թուրքիայի գործող նախագահ Էրդողանն ասել էր. «Մի դատական գործի շրջանակում միասին ենք ներգրավված եղել: Ինչպես է ստացվում, որ գնում եք և Քեմալի (հեղ.- ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդն է) հետ նույն նավն եք նստում: Ցավալի է»: Իսկ Գյուլն իր հերթին ասել է. «Խոսքի ազատությունը մեր կուսակցության հիմնադրման սկզբունքներից է»: