Կառավարության այսօրվա նիստում գործադիրը մերժեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությունը։ Այս անգամ նա առաջարկել էր լրացում կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում:
ԴԱՀԿ նախկին պետն առաջարկում է որպես գույքն արգելանքից հանելու հիմք՝ նախատեսել՝ «առկա է արգելադրված գույքի նկատմամբ այլ անձի սեփականության իրավունքի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ»: Սակայն, ըստ գործադիրի անդամների, այդ դրույթում անհրաժեշտ է հստակեցնել «այլ անձի սեփականության իրավունքի վերաբերյալ» ձևակերպումը' սահմանելով, որ խոսքը սեփականության իրավունքի ճանաչման մասին է:
Ուստի, համաձայնելով առաջարկվող փոփոխության ընդհանուր գաղափարի հետ, այդուհանդերձ, կառավարությունը գտնում է, որ այն ունի համակարգային բնույթ եւ անհրաժեշտ է քննարկել թղթակցվող կարգավորումների հետ համակարգային կապի մեջ: