Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն օրենսդիրների հետ միգրացիոն քաղաքականության հարցով հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ին հարկավոր չեն աշխարհի կեղտոտ խորշերից եկող ներգաղթյալները:
Ինչպես նշում է politico.com-ը, հանդիպման ժամանակ սենատորները բացատրել են նախագահին, որ պետք է փոխզիջման գնալ ու շարունակել ընդունել Աֆրիկայից, Հաիթիից ու Սալվադորից ժամանող ներգաղթյալներին:
Սակայն նախագահը նրանց ընդհատել է՝ հետաքրքրվելով, թե «Միացյալ Նահանգների ինչի՞ն են պետք աշխարհի կեղտոտ խորշերից եկող բոլոր այդ մարդիկ»:
«Մենք պետք է ավելի շատ մարդկանց ընդունենք Նորվեգիայից»,- շարունակել է 71-ամյա ղեկավարը:
Ավելի ուշ Սպիտակ տունը չի հերքել, որ նախագահը որոշ ներգաղթյալների «կեղտոտ խորշերից եկողներ» է անվանել:
«Որոշ քաղաքական գործիչներ նախընտրում են պայքարել այլ պետությունների շահերի համար, բայց նախագահ Թրամփը միշտ էլ պայքարում է հանուն ամերիկացի ժողովրդի շահերի»,-նշել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ռաջ Շահը:
Կոնգրեսականն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բնավորությունը կարևոր է ամենուր, բայց երբ դրա պակասը նկատվում է Սպիտակ տանը, հետևանքները սոսկալի են լինում: Նա (Թրամփը) ևս մեկ անգամ գցեց մեր ամենաբարձրաստիճան պաշտոնի պատիվը»: