Երեկ՝ հունվարի 14-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում, որի հետևանքով երիտասարդ է վիրավորվել:
Ժամը 17։00-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «մեջքի ծակծկված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16:20-ի սահմաններում Արմավիր գյուղում վիճաբանության ժամանակ երիտասարդի ուղղությամբ որսորդական հրացանով կրակել է իր համագյուղացին: Հանցագործությունը կատարողի ինքնությունը հայտնի է, ձեռնարկվում են օպերատիվ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Պարզել է, որ վիրավոր քաղաքացին Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ՝ 29-ամյա Արմենակ Միքայելյանն է, ով ի վիճակի չի եղել կատարվածի մասին տեղեկություններ հայտնել, քանի որ գտնվել է հիվանդասենյակում։
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Արմավիրի համայնքապետ Ռաֆիկ Մարգարյանն ասաց, որ վիճաբանությունը տեղի է ունեցել համագյուղացիների միջև: Սակայն այլ մանրամասներ հաղորդել չկարողացավ՝ պատճառաբանելով, որ դեպքի պահին գյուղում չի եղել. «Այս պահին չգիտեմ՝ ինչն է եղել վիճաբանության պատճառը: Միայն գիտեմ, որ երիտասարդի կյանքին վտանգ չի սպառնում, ամեն բան նորմալ է: Իրավապահները զբաղվում են այդ հարցերով»,- ասաց գյուղապետը: