Հայտարարություն՝ Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության 

(ԱԴԾ) սահմանապահ զորքերի կարգավիճակի վերաբերյալ 

 

1992 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստո­րագրվեց ՀՀ տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի կարգավիճակն ու ծա­ռա­յության պայմանները սահմանող համաձայնագիրը: Ըստ այդմ, ՌԴ ԱԴԾ սահ­մա­նա­պահ զորքերի հոգածությանը հանձնվեց Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ պետական սահմանի պահպանությունը, ինչը կարևոր էր Հայաստանի համար հատկապես արցախյան գոյամարտի տարիներին, քանի որ թույլ էր տալիս առկա ռեսուրսները ծառայեցնել բացառապես պատերազմում Արցախի հաղթանակն ապա­հովելու խնդրի լուծմանը, իսկ ռուսական կողմի համար՝ ԱՊՀ արտաքին սահմանների պահպանման հարցում սեփական վերահսկողությունն ապահո­վելու տեսանկյունից:

Այսպիսով, պատմական ծանր մի ժամանա­կա­հատ­վածում, Հա­յաս­տանն իր դաշնակցին ժամանակավորապես զիջեց սեփական պետական սահմանի երկու հատվածները պահպանելու իր ինքնիշխան իրավունքն ու նաև որոշակիորեն սահմանափակեց սեփական պատասխանատվությունը՝ Թուրքիայի և Իրանի հետ լիարժեք ուղիղ և չմիջնորդավորված հարաբերու­թյուն­ներ կառուցելու համար:

Անցած տարիների ընթացքում իրավիճակը փոխվել է` 1994 թվականին ավարտվել է արցախյան պա­տե­րազմի ակտիվ փուլը, իսկ 2009 թվականին դադարեցվել է Վրաստանի անդամակցությունն ԱՊՀ-ին: Այդուհան­դերձ, ՀՀ գործող իշխանություններն այդպես էլ առ այսօր ոչ մի քայլ չեն ձեռնարկել երկրի ինքնիշխանությունն այս մասով լիարժեք վե­րականգնելու և միջազգային հարաբե­րու­թյունների համա­կար­գում ինքնիշխան երկրին բնորոշ պատասխա­նատվու­թյունը հավուր պատշաճի ստանձնելու ուղղությամբ:

Ավելին՝ տարիներ առաջ ՌԴ ԱԴԾ տնօրինության տակ է անցել նաև «Զվարթնոց» միջազգային օդանավա­կայա­նում սահմանապահ անցա­կե­­տերի գործունեությունը, ինչը վերը հիշատակված պայմանագրով նախա­տես­ված չէ և կարող է դիտարկվել որպես այս մասով երկրի ինքն­իշ­խա­նության ապօ­րինի հանձնում օտար, թեև դաշնակից, մի պետության: Ելնելով վերը աս­վածից և առաջ­նորդվելով ՀՀ պետական ինքնիշխանության վերականգնման հրա­մա­յական անհրա­ժեշտությամբ, նպատակահարմար ենք գտնում առաջարկել ներ­կա­յումս ի պաշ­տոնե այս խնդրի լուծման համար պատասխանատու ՀՀ վարչական մար­մին­ներին`

  • մինչև 2018 թվականի մարտի 1-ը «Զվարթնոց» օդանավակայանի սահմա­նա­պահ ան­ցա­կետերը վերադարձնել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ենթա­կա­յության տակ,
  • մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, ռուսական կողմի հետ փոխ­համա­ձայնեցված կերպով իրականացնել բոլոր անհրաժեշտ նախա­պատ­րաստական աշխա­տանք­ները (այն է` 2019 թվականի ՀՀ պետական բյուջեյում նախատեսել դրա համար անհրաժեշտ գումարները, ինչպես նաև նախապատրաստել և համա­պա­տասխան ուսումնական գործընթացներ իրականացնել հայ սահ­մա­նա­պահների շարքերը համալրող զինծառայողների մասնագիտական որակա­վո­րումն ապահովելու համար) 2019 թվականի հունվարի 1-ից հայ-իրանական սահմանի պահպանությունը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի տնօրինությանը հանձնելու համար:
    Հայ-իրանական սահմանում մինչ այդ իրենց ծառայությունն իրականացնող ռուս սահմանապահներին ՌԴ ԱԴԾ հրամանատարության հայեցողությամբ տեղափոխել հայ-թուրքական սահման` Հայաստանի տարածքում իրենց ծա­ռա­յությունը շարունակելու համար կամ վերադարձնել ՌԴ,
  • մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ուսումնասիրել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից հայ-թուրքական սահմանի լիակատար վերահսկողությանը հանձնելու հարցը և ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի հրամանատարության հետ համատեղ մշակել այդ հատվածում սահմանապահ ուղեկալների հանձնման-ընդունման ժամանակացույցն ու տեխնիկական պայմանները:
 

Այս խնդրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսել ՀՀ 2020 թվականի բյուջեում:

Իրանի հետ ՀՀ պետական սահմանի հսկողությունը ՀՀ ազգային սահմա­նա­պահ զորքերի տնօրինությանը հանձնելը նպատակ ունի ոչ միայն վերականգնելու Հայաստանի ինքնիշխան պարտավորությունների կատարումը, այլև ամրապնդե­լու Մեղրիի ռազմավարական շրջանում մեր պաշտպանական հնարավորու­թյուն­ները՝ Նախիջևանի կողմից ադրբեջանական զինուժի հարձակման դեպքում: Այ­սինքն, հայ սահմանապահ ուժերն այդ հատվածում կդառնան մեր զորքի թիկուն­քապահ ռեզերվը, ինչը ռուս սահմանապահների առջև դրված խնդիրների պար­տա­դիր մաս չի կազմում:

Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին, հասարակական կազմակեր­պություն­նե­րին, քաղաքական ուժերին ու ԶԼՄ-ներին միավորելու իրենց ուժերը հանուն ՀՀ ինքնիշխանության լիարժեք հաստատման գաղափարի իրականացման: Եթե այս խնդրի հետ կապված մեր առաջարկն անտեսվի հասցեատիրոջ կողմից ու մնա անարձագանք, մենք մեզ իրավունք կվերապահենք անցնել բողոքի ակտիվ ար­տահայտման ակցիաների իրականացման, ինչի մասին լրացուցիչ կտեղեկաց­նենք մեր հանրությանը:

Ալբերտ Բաղդասարյան

Արման Մելիքյան

Դավիթ Սանասարյան

Եղիշե Պետրոսյան

Կարապետ Ռուբինյան

Հովսեփ Խուրշուդյան

Պետրոս Մակեյան