Երեկ ՝ մայիսի 28-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության «Զվարթնոց» օդնավակայանի գծային բաժնի և ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ–հետախուզական միջոցառումներ, պարզել են մայիսի 28-ին «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգ տվողի ինքնությունը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Թալին քաղաքում հայտնաբերվել է Արմավիրի մարզի գյուղերից մեկում հաշվառված, 32-ամյա Անատոլի Բարիչենկովը, ով բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:
Կայքի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է նաև այն հեռախոսն ու բջջային քարտի հեռախոսահամարը, որով ռումբի վերաբերյալ կեղծ ահազանգ է տվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, մայիսի 28-ին անհայտ քաղաքացու կողմից ահազանգ էր ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ, ով հայտնել էր, որ օդանավակայանում ռումբ է տեղադրված:
«Զվարթնոց» օդանավակայան էին ժամանել մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ:
Ժամանել էին նաև Երևանի շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, ինչպես նաև սակրավորներ և կինոլոգներ:
Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանության հատուկ դասակի ծառայողները: