ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքում պայթուցիկ սարք տեղադրված լինելու վերաբերյալ կեղծ ահազանգի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2017թ. սեպտեմբերի 2-ին` վաղ առավոտյան, ահազանգ էր ստացվել 911 ծառայությունում՝ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում պայթուցիկ սարք տեղադրված լինելու վերաբերյալ։ Կատարված անհրաժեշտ որոնողական աշխատանքների արդյունքում ահազանգը չէր հաստատվել և պայթուցիկ շենքում չէր հայտնաբերվել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով, որի շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է այն հեռախոսահամարը, որից կատարվել է զանգը։ Ըստ նախնական տվյալների՝ հեռախոսահամարն օգտագործում է Երևանի մի բնակչուհի, ով հարցաքննվել է։
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նշված հեռախոսահամարի 2017թ. սեպտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածի մուտքային և ելքային զանգերի վերծանումներն ստանալու համար, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: