ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ էր: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի փրկարար ծառայության պետի տեղակալ Առլեն Բադալյանը:
«Շենքի բոլոր սենյակները ստուգված են, որեւէ բան չենք հայտնաբերել: Ահազանգը կեղծ էր: Նախարարության աշխատակիցները հանգիստ կարող են վերադառնալ իրենց աշխատանքին»,- ասաց նա:
Ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր են ժամանել Երեւանի փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ, փրկարար ծառայության հատուկ նշանակության ջոկատի մեկ մարտական հաշվարկ, ոստիկանության քրեագետները եւ սակրավորներ: Շենքի ստուգման աշխատանքները տեւել են մոտ 2 ժամ:
Ոստիկանությունից տեղեկացրին, որ ահազանգի հեղինակի մասին պաշտոնական տեղեկատվություն կտրամադրեն ավելի ուշ: