ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հունվարի 16-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Կարլո Սկարամելլային,  քաղաքականության և ծրագրերի վարչության ղեկավար Դեվիդ Ռիկեմբախին, հայաստանյան գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ջանկարլո Ստոպպոնիին և ծրագրերի բաժնի ղեկավար Գերդ Բուտային:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով հյուրերին՚ նախարարը բարձր է գնահատել Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությունը, մասնավորապես, «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում: Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ՊՀԾ-ին՚ տարիներ շարունակ ՀՀ դպրոցներին տրամադրվող աջակցության համար: Կարևորելով կատարված համատեղ աշխատանքը՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն ունի ոչ միայն սոցիալական կարևորություն, այլ նաև կրթադաստիարակչական լուրջ բաղադրիչ: Լևոն Մկրտչյանը կարևորել է Պարենի համաշխարհային ծրագրի հարուստ փորձի տեղայնացումը Հայաստանում, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել մեր երկրի արդյունավետ փորձը փոխանցել ծրագրով հետաքրքրված այլ երկրների: Նախարարը հույս է հայտնել, որ ՊՀԾ-ի հետ համագործակցությունը կլինի շարունակական՚ մեկ անգամ ևս ընդգծելով ծրագրի աշխատանքի բարձր չափանիշները:

 

Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչները, իրենց հերթին կարևորելով ՀՀ կառավարության հետ համագործակցությունը, ընդգծել են, որ ակնկալում են երկարատև և բեղմնավոր համագործակցություն: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են 2019-23 թթ. Պարենի համաշխարհային ծրագրի և ՀՀ կառավարության միջև համաձայնեցված ռազմավարական ծրագրի ընդունման անհրաժեշտությանը, ինչպես նաև կարևորել ծրագրի հետևողական շարունակականությունը՚ մինչև ՀՀ բոլոր մարզերում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի փոխանցումը ՀՀ կառավարությանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Պարենի համաշխարհային ծրագրի, ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև համագործակցության զարգացմանը: