Վրաստանի Օզուրգեթի քաղաքում ավազակային հարձակման հետևանքով տուժած ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանը դուրս է գրվել հիվանդանոցից և այժմ գտնվում է տանը։ Տուժածն իրեն լավ է զգում։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում իրավապահ մարմինների հետ։

Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

 

Վրաստանի Օզուրգեթի քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հայ գործարարի վրա և իրենից մեծ գումար հափշտակել: Տուժողը Հայաստանի քաղաքացի է` 31-ամյա Արթուր Սուքիասյանը: Գուրիայի շրջանում նա մի քանի խանութների սեփականատեր է: Սուքիասյանը հունվարի 13-ի առավոտյան հարձակման է ենթարկվել իր տան մուտքի մոտ: Դիմակավորված երկու տղամարդիկ բութ առարկայով հարվածել են նրա գլխին, այնուհետև հափշտակել 30 հազար լարի (մոտ 11,7 հազար դոլար): Գործարարը պատրաստվում էր գնալ Թբիլիսիի «Լիլո» շուկա` իր խանութների համար ապրանք ձեռք բերելու նպատակով, այդ իսկ պատճառով նրա մոտ մեծ գումար է եղել:

Ինչպես ավելի վաղ ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրել էին Վրաստանում Հայաստանի դեսպանությունից, Արթուր Սուքիասյանն Օզուրգեթիի հիվանդանոցից տեղափոխվել է Բաթումի քաղաքի հիվանդանոց, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ և նրա կյանքին որևէ վտանգ չի սպառնում։ Դեսպանությունից նաև հայտնել էին, որ տուժածը ևս երկու օր պետք է գտնվի նրանց հսկողության տակ և այնուհետև դուրս գրվի։ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսն տեսակցել է տուժած ՀՀ քաղաքացուն։