Արարատի զինկոմիսար փոխգնդապետ Գրիգոր Սայադյանը, ԵԿՄ նախագահ Մանվել Սիրականյանը, ազատամարտիկները, ուժային կառույցի ներկայացուցիչները, Վեդի քաղաքի սբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը, Արարատ գյուղի սբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Դավիթ քահանա Սահակյանը զորակոչիկների ծնողների հետ արդեն չորրորդ խմբին ճանապարհեցին Հայոց բանակ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հոգեւոր այրերը հերթական միջոցառումը սկսեցին Տերունական աղոթքով: Պահպանական աղոթք կարդալուց հետո Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը դեմելով ծնողներին եւ զինվորներին ասաց. «Պատիվ է զինվորի ծնող եւ Հայոց բանակի պաշտպան զինվոր լինելը: Թող հողը միշտ ամուր լինի ձեր ոտքերի տակ, ձեր սուրը հատու, եւ Ձեր հոգին թող օր օրի զորեղանա»:
Փոխգնդապետ Գրիգոր Սայադյանը նշեց, որ զորամասերից նախորդ տարվա ընթացքում ստացել են ավելի քան 20 շնորհակալական նամակներ, որոնք ընթերցվել են դպրոցներում՝ զինպատրաստության ժամին, եւ համայնքապետարաններում՝ ծնողների ներկայությամբ:
Հոգեւոր այրերը Տիրոջից խնդրեցին Նրա հովանավորությունը՝ զորակոչիկներին բաժանելով ամենօրյա աղոթագրքեր եւ օրհնված խաչեր:
Բանակ մեկնելուց առաջ զորակոչիկներն Երևանում այցելել էին Մատենադարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Ցեղասպանության թանգարան:
Մասիսում զորակոչը վերածվեց շքեղ զորահանդեսի. նորակոչիկների պատվին հնչեց դհոլ-զուռնա: Մայոր Սարգիս Բալայանը, նախկին զինկոմ Գնել Հարությունյանը, ԵԿՄ անդամները բարձր տրամադրությամբ նորակոչիկներին բարեմաղթեցին բարի ճանապարհ, տոկունություն:
Նոր Խարբերդի գյուղապետ Կամո Կապոյանը, որ այս անգամ ավելի մեծ թվով զորակոչիկներ է ճանապարհում բանակ, գյուղապետարանում նրանց պատվին կազմակերպեց տոնական ընդունելություն: Հայոց բանակի զինվոր դառնալու կապակցությամբ նրանց շնորհավորելուց եւ հիգիենիկ պարագաներ նվիրելուց հետո նորակոչիկների հետ այցելեցին Մասիսի սբ Թադեւոս եկեղեցի: Մոմեր վառելուց եւ Տեր Արարատ քահանա Օրդոյանի օրհնությունը ստանալուց հետո տղաները պատրաստվեցին մեկնելու կենտրոնական հավաքակայան:
Լիլիթ Մաճկալյան