ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայությունների և տարածքային մարմինների 2017 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփիչ խորհրդակցությունը վարել է վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը: Ամփոփմանը մասնակցում էին վարչության ծառայությունների ղեկավարները, տարածքային բաժինների, ենթակա բաժանմունքների պետերը, վարչության ենթակա այլ ստորաբաժանումների ղեկավարներ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Վարչության պետի տեղակալ, շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Իսկանդարյանը նշեց, որ 2017թ. մայրաքաղաք Երևանում լիովին վերահսկվել է օպերատիվ իրավիճակը: Նա ներկայացրեց Երևանում հանցավորության շարժընթացի և հիմնական միտումների վիճակագրությունը, անդրադարձավ հանցագործությունների բացահայտման աշխատանքներին, ներկայացրեց ծառայությունների ցուցանիշները, ինչպես և անդրադարձավ նախկինում կատարված` կասեցված հանցագործությունների բացահայտման աշխատանքներին:
Հաշվետու շրջանում մայրաքաղաքում գրանցվել է 9637 հանցագործության դեպք։
2017թ. 12 ամիսների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճի պարագայում բացահայտման աշխատանքերի արդյունավետությունը ևս աճել է 10.3%-ով։
Հաշվետու զեկույցներից հետո ոստիկանության տարածքային բաժինների պետերը, ներկայացրին իրենց ստորաբաժանումների կատարած աշխատանքը, վեր հանեցին առկա հիմնախնդիրները, թերություններն ու բացթողումները, արեցին աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված կոնկրետ առաջարկներ:
Վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանն ամփոփելով կայազորի կատարած աշխատանքը՝ այն գնահատեց բավարար: Անդրադառնալով ձեռքբերումներին և բացթողումներին, ոստիկանության գնդապետը խոսեց խնդիրների մասին և տվեց համապատասխան հանձնարարականներ»: