Հրանտ Դինքի ձայնն ամենադժվար և բարդ ժամանակներում ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ուժ և վճռականություն է տալիս մարդկանց: Ինչպես հաղորդում է թուրքական T24-ը, այս մասին նշել է «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանը:
«11 տարի է՝ ապրում ենք առանց Հրանտ եղբոր: Իհարկե, դա շատ բարդ է: Նրա չլինելու մասին անընդհատ «Ակոս»-ից են հարցնում՝ ասելով, թե նա ինչ էր նշանակում մեզ համար: Սակայն կարծում եմ Հրանտի բացակայության մասին պետք է հարցնել Թուրքիայից: Հրանտ եղբայրն ուրիշ էր: Ինչ էլ լիներ՝ պայքարում էր ելք գտնելու համար»,- նշել է Դանզիկյանը:
Նա ընդգծել է, որ Դինքի բացակայությունը, բնականաբար, ամենաշատն իրենք են զգում, սակայն նրա նշանակությունը միայն «Ակոս»-ի կամ հայերի համար չէր: Նրա դերակատարությունը մեծ էր թուրքերի, քրդերի, չերքեզների, արաբների, սունիների, ալևիների՝ Թուրքիայում բնակվող բոլոր անձանց համար:
«Հրանտի բացակայությունը Թուրքիային լավ տեղ չտարավ: Հրանտի խոսքն աստիճանաբար ավելի է մեծանում, սակայն Թուրքիան մասնավորապես վերջին 3-4 տարիների ընթացքում ավելի լավ տեղ չի գնում, դեռ հակառակը, դեպի ավելի վատն է շարժվում»,- նշել է «Ակոս»-ի գլխավոր խմբագիրը:
Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին' խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:
2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ' Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը' 22 տարվա ազատազրկման:
2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում էր կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին պետք է առաջադրվեր «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, որոշումներ էին ընդունվել Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ: