«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նոր նախագծի համաձայն՝  Անվտանգության խորհուրդը գլխավորելու է ՀՀ վարչապետը: «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը կքննարկվի կառավարության հունվարի 25-ի նիստում:

Ըստ նախագծի՝ Սահմանադրության 155-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները: Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու ՀՀ վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, Պաշտպանության նախարարը, Արտաքին գործերի նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

 

Նախագծի համաձայն՝ Անվտանգության խորհուրդը վարչապետի առաջարկությամբ կարող է քննարկել  ՀՀ անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր:  Անվտանգության խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Անվտանգության խորհուրդը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունելու է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով՝ խորհրդատվական բնույթի որոշումներ:

Հիմնավորման համաձայն՝ «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծով ամրագրվել են Անվտանգության խորհրդի կարգավիճակը, գործառույթը և լիազորությունները, սահմանվել է Անվտանգության խորհրդի կազմը, կարգավորվել են Անվտանգության խորհրդի գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները, նախատեսվել են Անվտանգության խորհրդի որոշումների տեսակները և դրանց ընդունման կարգը,  կարգավորվել են Անվտանգության խորհրդի բնականոն գործունեության ապահովմանը վերաբերող դրույթներ:

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ՀՀ Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների լույսի ներքո համապարփակ կարգավորել Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները՝ ստեղծելով Անվտանգության խորհրդի բնականոն գործունեության համար անհրաժեշտ և բավարար նախադրյալներ:

Մինչ 2015-ի սահմանադրական փոփոխությունները՝ 2005-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ ազգային անվտանգության խորհուրդ կազմավորում էր Հանրապետության Նախագահը և նախագահում այն:

Միաժամանակ, Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ազգային անվտանգության խորհուրդը վերանվանվեց Անվտանգության խորհրդի և ամրագրվեց, որ Անվտանգության խորհուրդը սահմանում է  պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները: