Աֆրին ներխուժելով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներքաղաքական կյանքում եղած մի շարք խնդիրներ լուծեց։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Աֆրինում քրդերի դեմ կատարվող թուրքակական գործողություններին։

«Վերջին շրջանում Թուրքիայում ներքաղաքական կյանքում առկա էին լուրջ խմորումներ, որոնք իջեցրել էին Էրդողանի վարկանիշը։ Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում  արտակարգ դրության հայտարարումը և դրա շարունակական երկարաձգումը, քաղաքական գործիչների, լրագրողների ու մտավորականների ձերբակալությունները, մի շարք լրատվամիջոցների փակումը լուրջ դժգոհություններ էին առաջացրել թուրքական հասարակության մեջ»,-նշեց թուրքագետը։

 

Նրա խոսքով՝ Էրդողանը, Աֆրինի գործողությունը նախաձեռնելով՝  չեղարկեց արտաքին քաղաքականության բացասական ազդեցությունն իր վարկանիշի վրա, չեղարկեց երկար սպասված նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ քաղաքական դաշտ իջնելու շնորհանդեսը և մոռացնել տվեց երկրի ներսում կատարվող ոչ ժողովրդավարական իրողությունները։

Իսպիրյանը նշեց՝ Թուրքիայի համար Սիրիայի քրդերի ներկայությունը երկար ժամանակ գլխացավանք է եղել, իսկ գործողություն սկսելու համար նրանք սպասում էին հարմար պահի. «Թուրքիան ՌԴ-ի հետ հարձակմումը համաձայնեցնելուց հետո սկսեց գործողությունը։  Հիշենք, որ հարձակումից օրեր առաջ Թուրքիայի հետախուզության պետն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ՌԴ-ում հանդիպեցին, որից հետո սկսեցին թուրքական գործողությունները»,-ասաց նա՝ ընդգծելով, որ կարելի պնդել՝ ՌԴ-ն կանաչ լույս է վառել թուրքերի համար Աֆրինում։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին, թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ: