Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Հնդկաստան, որտեղ հանդիպել է այս երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Այս մասին գրում է Indian Express պարբերականը՝ «Էրդողանը մեկնում է Հնդկաստան Ցեղասպանության մեղքը խղճին» խորագրով հոդվածում:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն, անդրադառնալով այս այցին, նշեց, որ Թուրքիայի հետ խնդիրներ ունեցող պետությունները հաճախ Հայոց ցեղասպանության հարցն օգտագործում են որպես ազդեցության լծակ Թուրքիայի վրա. «Ցավոք, հնդկական հիշյալ պարբերականում եւս տեսնում ենք, որ Թուրքիայի հետ հարցեր ունեցող պետությունները Հայոց ցեղասպանության գործոնն ուղղակի որպես գործիք են օգտագործում Թուրքիայի դեմ։ Թուրքիան ունի բազմաթիվ խնդիրներ թե՛ ներսում, թե՛ հարեւանների հետ։ Այդ գործոնը հաշվի առնելով էլ Հնդկաստանը փորձում է Թուրքիային որոշակի ազդակներով զգոնության կոչ անել»։

Ըստ թուրքագետի՝ Հնդկաստանի փոխնախագահի այցելությունը Հայաստան և Կիպրոսի նախագահի այցելությունը Նյու Դելի, ասվածի ապացույցն են, սակայն, որքան էլ այդ պետություններն ունենան որոշակի խնդիրներ, այս փուլում թուրք-հնդկական հարաբերությունների լարվածություն պետք չէ ակնկալել. «Բայց մեծ հաշվարկով Հնդկաստանի նախագահի հրավերով է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելում Հնդկաստան եւ իրական չէ որեւէ լարվածություն սպասել թուրք–հնդկական հարաբերություններում՝ կապված Հայոց ցեղասպանության հետ կապված թեմաների կամ Կիպրոսի նախագահի այցի հետ»։

Անդրանիկ Իսպիրյանի համոզմամբ՝ Եվրոպայի հետ սրված հարաբերություններից հետո Էրդողանը ստիպված է գնալ այս քայլին. «Եվրոպայի հետ լարված հարաբերությունները  ստիպում են դիվերսիֆիկացնել արտաքին հարաբերությունները, եւ այդ համատեքստում թուրքական կողմը մեծ նշանակություն է տալիս Հնդկաստանի հետ հարաբերությունների նոր մակարդակ ապահովելուն»։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Հայաստանում էր Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին, ով Երևանում այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 

Աղավնի Սուքիասյան