Թուրքիայում մարտի 30-ին կայացած տեղական ինքնակառավարման ընտրություններից հետո ակնհայտ դարձավ, որ Էրդողանը հավակնում է դառնալ երկրորդ Աթաթուրքը եւ օգոստոսին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ կընտրվի նախագահ, իսկ նրա կուսակցությունը 2015թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններից դուրս կգա հաղթանակած: «Արմենպրես»- ի հարցին ի պատասխան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ Էրդողանը որպես նախագահ շատ հարմար է նաեւ Արեւմուտքին, քանի որ միշտ աչքի է ընկնում արեւմտամետ դիրքորոշումով եւ պահպանում է Արեւմուտքի ժանդարմի կարգավիճակը: Թուրքագետի գնահատմամբ, նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմության միավորվելն ու մեկ թեկնածուով հանդես գալը չի կարող իրավիճակը փոխել, քանի որ անգամ վերջին ամիսների սկանդալներից հետո Էրդողանի վարկանիշը շարունակում է բարձր մնալ:
Ըստ Մելքոնյանի, անկախ հանգամանքից, թե ով կլինի Թուրքիայի նախագահը, հայ-թուրքական հարաբերություններում փոփոխություններ չի կարելի ակնկալել: Մելքոնյանի խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը նախորդ դարի 60-ական թվականներից սկսած որեւէ փոփոխություն չեն կրել, հետեւաբար, Էրդողանի նախագահ ընտրվելն էր չի կարող հանգեցնել լուրջ գործընթացների: Թուրքագետը համոզված է, որ վերոնշյալ հարաբերություններում փոփոխությունները պայմանավորված են բացառապես աշխարհաքաղաքական լուրջ գործընթացներով եւ տարածաշրջանում կտրուկ զարգացումներով:
Մարտի 30-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հավաքեց շուրջ 45 տոկոս ձայն եւ վստահ հաղթանակ տարավ: Այժմ Թուրքիայում նախընտրական լարված վիճակ է, քանի որ, կոռուպցիոն սկանդալներին եւ գաղտնալսումներին զուգահեռ, քաղաքական ուժերը պատրաստվում են օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններին: