Անկարայում հասարակական տրանսպորտում մեկ անձի հետ զրուցող մի կին մեկ այլ անձի հաղորդման հիման վրա ձերբակալվել է «հանրապետության նախագահին վիրավորելու» հիմնավորմամբ: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Հաղորդվում է, որ ավտոբուսում գտնվող անձն Էրդողանի մասին խոսացող կնոջ՝ Մ. Ա.-ի հետ իջել է նույն կանգառում և զանգել է ոստիկանություն: Նա հետևել է կնոջը, ով էլ ոստիկանների կողմից խանութում առևտրի ժամանակ ձերբակալվել է:
Ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Մուրաթ Էմիրը ոստիկանությունում հանդիպել է ձերբակալված կնոջ հետ: Ավելի ուշ նա հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ ոստիկանությունը կամայականություն է դրսևորել՝ ձերբակալելով կնոջն առանց որևէ հստակ ապացույցի՝ միայն մի քաղաքացու հեռախոսազանգի հիման վրա: «Ի վերջո երկրի իշխանություններին հաջողվել է բոլոր քաղաքացիներին դարձնել մեկը մյուսի դեմ բողոքող և բանսարկություններ անող»,- ասել է նա: