Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է «Ալ Քաիդա» միջազգային կազմակերպության ճյուղերից մեկի անդամներին, ովքեր մեղադրվում են մայրաքաղաք Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ իրականացված ահաբեկչության համար: Այս մասին ապրիլի 12-ին հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին:
CNN Turk-ի տեղեկությունների համաձայն՝ ահաբեկչության պատրաստման մեղադրանքով ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները փետրվարին Ստամբուլ և Չորլու քաղաքներում բերման են ենթարկել 12 մարդու, որոնց թվում՝ Թուրքիայի 8 քաղաքացի, 2 ադրբեջանցի և 2 չեչեն, որոնց քաղաքացիությունը հայտնի չէ:
Կասկածյալների մոտից առգրավվել է 22 կգ պայթուցիկ նյութ:
Հետաքննությունը պարզել է, որ ահաբեկիչներն Անկարայում, դեսպանատան պայթեցումից բացի, պլանավորել էին ահաբեկչություն իրականացնել նաև Ստամբուլի թանգարաններից մեկում և սինագոգում:
Հիշեցնենք, որ ս.թ. փետրվարի 1-ին թուրքական մարքսիստական կուսակցության գրոհայիններից մեկը պայթեցրել էր իրեն Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ, որի արդյունքում զոհվել էր դեսպանատան անվտանգության աշխատակիցն ու ինքը մահապարտը: Եվս 4 հոգի վիրավորվել էին: