Արայի լեռան վրա ձնահոսքի հետևանքով վայր ընկած և տարբեր մարմնական վնասվածքներ ստացած արշավական Էդգար Նավասարդյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: «Անհրաժեշտ հետազոտություններն իրականացվել են, առաջին բուժօգնությունը ցուցաբերվել է: Բազմաթիվ սալջարդեր և կոտրվածքներ ունի»,-տեղեկացրին նախարարությունից:
Ֆեյսբուքյան իր էջում զբոսավար Յաշա Սոլոմոնյանը գրառում է կատարել' նշելով, որ Էդգար Նավասարդյանին հարկավոր է շտապ վիրահատություն, որի համար էլ իրականացվում է դրամահավաք: Դրամահավաքից ստացված գումարը կուղղվի նաև մահացած Նաիրուհի Ստեփանյանի ընտանիքին:
Դեպքի վերաբերյալ Լեռնային տուրիզմի և ալպինիզմի հայկական ֆեդերացիան տարածել է հաղորդագրություն, ըստ որի, հունվարի 28-ին Արայի լեռան վրա ձնահոսքի հետևանքով մահացել է մեկ մարդ, երկուսը վիրավորվել են: Էդգար Նավասարդյանի 18 հոգուց բաղկացած արշավախումբը բարեհաջող վերելք իրականացնելով Արայի լեռան գագաթ, վերադարձի ճանապարհին հայտնվել է ձնահոսքի մեջ: Դեպքը տեղի է ունեցել դեպի Ծաղկեվանք ձգվող վիհում: Ձնահոսքի հետևանքով խմբի անդամներից վեց հոգի ձյան հետ լանջով սահել են ցած: Դեպքից անմիջապես հետո խմբի անդամները ահազանգել են ԱԻՆ «911» ծառայություն, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիա։ Նախքան փրկարար ուժերի տեղ հասնելը արշավական խմբի անդամները ձեռնարկել են ամեն հնարավոր միջոց տուժածներին օգնելու համար։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը արշավախմբի անդամներն ամեն ջանք գործադրել են ձյան մեջ կորած արշավականին գտնելու համար, սակայն հայտնաբերել են դին: Ըստ նախնական տվյալի, վերջինս անկման հետևանքով ստացել էր կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ և մահացել, ինչը սակայն կհաստատվի մասնագիտական եզրակացության հիման վրա:
2 ժամ տևած համատեղ փրկարարական աշխատանքների արդյունքում Էդգար Նավասարդյանին հաջողվել է իջեցնել ցած, ով ստացել էր ծանր մարմնական վնասվածքներ և ցրտահարվել։ Խմբի անդամներից Հրաչ Հարությունյանը ստացել է կյանքի համար վտանգ չներկայացնող մարմնական վնասվածքներ: Տուժածները հոսպիտալացվել են: Ժամը 21:40-ին Նաիրուհի Սիմոնյանի դին հանձնվել է շտապ օգնությանը: