ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը արտաքին գործերի նախարարությունում այսօր հանդիպում է ունեցել ԱԳՆ ղեկավար կազմի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ելույթի սկզբում ընդգծելով, որ արտաքին քաղաքականության գերատեսչության աշխատակազմի հետ Ամանորի իր հանդիպմանը նշել էր նման ձևաչափով նախատեսվող հանդիպման մասին, որտեղ կխոսի արտգործնախարարության ոչ միայն հաջողությունների և ձեռքբերումների, այլև առկա խնդիրների և ապագա անելիքների մասին, Հանրապետության Նախագահը այսօրվա հանդիպումն այդ տեսանկյունից համարել է առանցքային: ԱԳՆ ղեկավար կազմի հետ Նախագահը քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքականության տեսլականը երկու հիմնական շեշտադրմամբ՝ որո՞նք են ՀՀ արտաքին քաղաքականության միջնաժամկետ խնդիրները և ի՞նչ պետք է անել արտաքին քաղաքական գերատեսչության գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու, կատարելագործելու համար: Սերժ Սարգսյանը նախընտրել է այս հանդիպման ժամանակ չանդրադառնալ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղություններին, որոնց նախկինում անդրադարձել է, այլ խոսել այդ քաղաքականությունն առավել արդյունավետ կառավարելու և կազմակերպելու հարցերից:
«Արտաքին քաղաքականության արդյունավետ իրագործումը մեր երկրի համար ես համարում եմ նույնքան կենսական, որքան ներքին բարեփոխումները: Ավելին՝ մեր ներքին բարեփոխումների հաջող իրականացումը սերտորեն կապված է արտաքին քաղաքականության հետ: Այն կարևոր է թե՛ բարեփոխումներին միջազգային աջակցության, թե՛ արտերկրում դրանք պատշաճ ներկայացնելու, թե՛ որոշ երկրների դրական փորձը ուսումնասիրելու, տեղայնացնելու և կիրառելու առումներով: Արտաքին քաղաքականությունն էական դերակատարում ունի մեր երկրի անվտանգության մակարդակի բարձրացման, միջազգային հարաբերություններում մեր շահերի պաշտ-պանության, երկարաժամկետ զարգացման և, իհարկե, արտասահմանում մեր քաղաքացիների շահերի և իրավունքների պաշտպանության հարցերում:
Մեր դիվանագիտության արդյունավետության բարձրացումն ուղղակի օրվա հրամայական է: Այն պայմանավորված է ինչպես մեզ բաժին հասած ավանդական մարտահրավերներով ու սպառնալիքներով, այնպես էլ մեր տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխություններով: Ընդ որում, փոփոխությունները բերում են ոչ միայն մարտահրավերներին, այլև որոշ դեպքերում ստեղծում են նաև նոր հնարավորություններ։ Եվ դիվանագիտության խնդիրն է ժա-մանակին կանխատեսել ու հասկանալ դրանց բնույթը, կարողանալ դրանք հնարավո-րինս արդյունավետորեն ծառայեցնել մեր երկրի շահերին:
Ակնհայտ է, որ ժամանակակից միջազգային հարաբերություններում ավելանում են հա-կամարտությունների ու տարատեսակ ճգնաժամերի քանակը, հակասությունները անվտանգության ոլորտի տարբեր կազմակերպությունների միջև, կրոնական և էթնիկ անհանդուրժողականության միտումները»,- ասել է Հանրապետության Նախագահը:
Սերժ Սարգսյանն իր խոսքում մեծապես կարևորել է նաև արտաքին քաղաքականության բնագավառում միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրավորումը, համապատասխան քաղաքականության մշակումը: «Կարծում եմ, որ արդեն հասունացել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը վերա-նայելու և արդիականացնելու ժամանակը: Պատահական չէ, որ այս գաղափարը ես առաջ եմ քաշում և հնչեցնում եմ հենց արտաքին գործերի նախարարությունում։
Հայաստանի ազգային անվտանգության առաջնային մարտահրավերները հիմնականում առնչվում են կամ, ավելի ճիշտ, ուղղակիորեն փոխկապակցված են մեր արտաքին միջա-վայրի հետ։ Ակնկալում եմ, որ արտգործնախարարությունն ունենալու է շոշափելի դերակատարում այս փաստաթղթի վերանայման ողջ գործընթացում։
Կարծում եմ՝ արտաքին գործերի նախարարությունը կուտակել է անհրաժեշտ գիտելիք-ներ, փորձ և ամենակարևորը՝ գործիքակազմ ներկայացնելու իսկապես բովանդակային և սկզբունքային առաջարկություններ։ Բայց դուք դիվանագետներ եք և շատ հստակ պատկերացնում եք, որ այդպիսի հիմնարար և երկարաժամկետ փաստաթուղթ ունենալու համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ և հատկապես այդպիսի փաստաթղթի ստեղծման ժամանակ անհրաժեշտություն է հստակությունը»,- նշել է Սերժ Սարգսյանը:
ԱԳՆ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ Նախագահն իր դիտարկումներն է ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքական խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ արտգործնախարարության որոշ թերացումների վերաբերյալ՝ հստակ մատնանշելով այն աշխատանքները, որտեղ կարելի էր լավ և հետևողական աշխատանքի շնորհիվ ակնկալվող ավելի մեծ արդյունքների հասնել:
Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կարևորագույն տեղ զբաղեցնող Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:
«Հարգելի՛ գործընկերներ,
Մենք միջազգային և տարածաշրջանային խնդիրների լուծման պատասխանատվության մեր բաժինը երբեք չենք փորձել դնել ուրիշի ուսերին: Լեռնային Ղարաբաղի հակա-մարտության խաղաղ կարգավորումը շարունակելու է լինել մեր արտաքին քաղաքակա-նության օրակարգի առաջնագծում: Իհարկե, մենք անշեղորեն շարունակելու ենք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: Կարգավորման գործընթացում վերջին տասը տարիներին իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են: Եվ այստեղ ուզում եմ շնորհակալություն հայտնել պրոցեսի բոլոր մասնակիցներին՝ նախարարի գլխավորությամբ: Մենք, իհարկե, կարողացել ենք ամրագրել ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունք:
Միաժամանակ, որքան էլ որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մեր արտաքին օրակարգի առաջնագծում է, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, իհարկե, չպետք է սահմանափակվի ու պտտվի միայն այս հարցի շուրջ։ Մեր արտաքին քաղաքականության առանցքում, բնական է, որ պետք է լինեն Հայաստանի Հանրապետության ազգային շահերը, և Հայաստանի ակտիվ մասնակցությունը միջազգային օրակարգի օրախնդիր հարցերին դրական ազդեցություն կունենա մեր տեսակետները առաջ մղելու գործում»,- նշել է Հանրապետության Նախագահը:
Սերժ Սարգսյանը արտգործնախարարության ղեկավար կազմի ուշադրությունն է հրավիրել նաև ընթացիկ տարում տեղի ունենալիք կարևոր իրադարձությունների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների, Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների և Ընդդեմ ցեղասպանության հանցագործության երրորդ գլոբալ ֆորումի վրա՝ ընդգծելով, որ պետք է կարողանալ արժանապատվորեն նշել ինչպես առաջին հանրապետության 100-ամյակը, այնպես էլ Երևանի հիմնադրման 2800-ամյակը, այնպես էլ գլոբալ ֆորումը, բայց Ֆրանկոֆոնիան, Նախագահի համոզմամբ, իր ընդգրկվածության և մասշտաբի տեսակետից շատ կարևոր է, և Հայաստանը, իրոք, քննություն հանձնելու ճանապարհին է: Հանրապետության Նախագահը այդ միջոցառման պատշաճ անցկացումը պատասխանատուներից յուրաքանչյուրի պատվի խնդիրն է համարել:
Հանդիպման ավարտին Նախագահը նշել է, որ գուցե իր այսօրվա խոսքը խիստ էր, սակայն դրա նպատակը բնավ արտգործնախարարության աշխատանքը թերագնահատելը չէր՝ քննադատությունը միտված է աշխատանքը բարելավելուն, այն ավելի արդյունավետ դարձնելուն, որի պտուղները պետք է վայելեն բոլորը և հատկապես՝ գալիք սերունդները:
«Ուզում եմ, վստահ լինեք, որ ձեր գործը, իրոք, գնահատված է: Միայն այն հանգամանքը, որ մենք բոլորս ձեզ համարում ենք մեր երկրի անվտանգության առաջնագծի մարտիկներ գոնե քաղաքական առումով, զինվորներ ու սպաներ, ես կարծում եմ, որ դա ամենամեծ գնահատականն է: Եվ քանի որ, իրոք, համոզված եմ, որ դիվանագետն իրեն պետք է համարի այդպիսին, ուրեմն, ակնկալիքներն էլ մեծ են, եթե կարելի է այստեղ այս արտահայտությունն օգտագործել՝ առավելապաշտական են ակնկալիքները: Եվ ուզում եմ, որպեսզի դուք, գիտակցելով խնդիրների լրջությունը, մի փոքր ավելի թափ հաղորդեք ձեր աշխատանքին»,- ասել է Հանրապետության Նախագահը:
Հանդիպման ժամանակ Նախագահ Սարգսյանը պատասխանել է նաև ԱԳՆ ղեկավար կազմին հետաքրքրող հարցերին: