ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը գտնում է, որ կառավարության նիստերի դռնփակ անցկացումը թույլ կտա ավելի քննադատական հայացք ուղղել կառավարության անդամների առաջարկներին: Այդ մասին Հարությունյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագծին, որով նախատեսվում է գործադիրի նիստերն անցկացնել դռնփակ:
«Յուրաքանչյուր երկրում կառավարության նիստերն անցնում են դռնփակ: Դռնփակ անցկացնելը հնարավորություն է տալիս ավելի անկեղծ, ավելի քննադատական հայացք ուղղել կառավարության անդամների առաջակներին: Պետք է որպես փաստ արձանագրել, որ ՀՀ-ն բացառություն է, որ կառավարության նիստերն անցնում են դռնբաց և մասնակցում են այդքան մարդիկ, ովքեր կառավարության անդամներ չեն»,- ասաց նա:
Նրա խոսքով, այս ամենը բերում է բացասական հետևանքների: «Իրական քննարկում տեղի չի ունենում, լինում է կա՛մ նիստից հետո, կա՛մ նիստից առաջ, ինչը նորմալ չէ»,-ասաց նա և նշեց, որ ուսումնասիրել են միջազգային փորձը և կառավարության նիստերն ամբողջովին հեռարձակող երկրներ պրակտիկորեն գոյություն չունեն:
«Սակայն դա չի նշանակում, որ կառավարության գործունեությունը չպետք է լինի թափանցիկ: Դա է պատճառը, որ օրենքում որպես վարչապետի պարտականություն ամրագրված է կառավարության գործունեության թափանցիկությունը, հասարակությանը հասանելիություն ապահովելը»,-ասաց նա:
Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ կառավարության նիստերին լրագրողների ներկայության պատճառով է նաև, որ դրանց ընթացքում տեղի չի ունենում իրական բանավեճ: