Հայաստանում 300 հազար տրանսպորտային միջոց շահագործվում է գազային վառելիքով, սա նշանակում է, որ ավտոմեքենաների մեծ մասի բեռնախցիկում ռումբ է տեղադրված: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը։

«Մեզ մոտ հիմնականում փորձաքննություն են անցնում խոշոր ընկերությունների ավտոմեքենաները, մնացած 98%-ը փորձաքննություն չեն անցնում։ Հատկապես հասարակական տրանսպորտի պարագայում, մենք նստում ենք տրանսպորտ ու չգիտենք, թե ինչ կարող է պատահել այդ ավտոմեքենային»,- ասաց Տիգրանյանը։

Մկրտիչ Տիգրանյանը նշեց, որ ԱԻՆ հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն, 2016թ.-ին Հայաստանում հրդեհվել կամ պայթել է գազով շահագործվող 119 ավտոմեքենա, վիրավորվել է 9 մարդ, 2015-ին հրդեհվել է 92, մահացել` 9, վիրավորվել` 7, 2014-ին` հրդեհվել են 102, մահացել` 10, վիրավորվել` 19 մարդ. «2014 թվականին 102 վթար է տեղի ունեցել, մահացել է 10 մարդ, հաշմանդամ դարձել՝ 19։ 2015 թվականին 92 դեպք է գրանցվել, 9 մարդ մահացել է, 7-ը՝ հաշմանդամ դարձել։ 2016 թվականին գրանցվել է 119 դեպք, զոհեր չեն եղել, 9 հաշմանդամ կա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ պայթյունները հիմնականում տեղի են ունենում գազալցակայաններում։

 

Մկրտիչ Տիգրանյանը նկատեց՝ հանրապետությունում 400 հազար գազաբալոնով կահավորված տրանսպորտային միջոցներից 2016 թվականի ընթացքում փորձարկվել է ընդամենը 4 100 գազաբալոն, 2017 թվականին՝ ընդամենը 3 400 գազաբալոն, որից 10 տոկոսը խոտանվել է։ Փորձարկված գազաբալոնների հիմնական մասը պատկանում է կազմակերպություններին, մնացած 98 տոկոսն ընդհանրապես փորձարկված չէ։

Բանախոսի խոսքով՝ գազաբալոնի փորձաքննությունն արժե 10-15 հազար դրամ, տևում է 40 րոպեից 1 ժամ։ Անվտանգ շահագործման համար գազաբալոնը պետք է փորձաքննության ենթարկվի յուրաքանչյուր 1-2 տարին մեկ անգամ։