Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը կոնգրեսում լսումների ժամանակ, պատասխանելով Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանի հարցին, հայտարարել է, որ պատրաստ է նախարարության աշխատակիցներին հանձնարարել ուսումնասիրել Հայաստանի հետ կրկնակի հարկման մասին համաձայնագիրը: Այս մասին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից:

Շերմանը Ներկայացուցիչների պալատի անդամ Դևիդ Վալադաոյի հետ ավելի վաղ հավաքել էր ներկայացուցիչների ստորագրությունները՝ նամակ հղել ԱՄՆ ֆինանսների նախարարին ու կոչ անելով վերաբանակցել Հայաստանի հետ կրկնակի հարկման մասին համաձայնագիրը: Կոնգրեսի քննարկումների ժամանակ Շերմանը դիմել է Մնուչինին՝ հարցնելով, թե արդյոք նախարարությունը չի հատկացնի 28 ժամ (այնքան, որքան ստորագրություն հավաքվել է) վերաբանակցելու համաձայնագիրը: Ի պատասխան նախարարն ասել է. «Այո, ես կարող եմ հատկացնել 28 ժամ»:

 

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Ռաֆֆի Համփարյանը երախտագիտություն է հայտնել Շերմանին նախաձեռնության և խնդրի առնչությամբ ցուցաբերած համառության համար՝ հույս հայտնելով, որ ֆինանսների նախարարությունը այս ուղղությամբ քայլեր կձեռնարկի` վերացնելու այն արգելքները, որոնք գոյություն ունեն ԱՄՆ-Հայաստան տնտեսական համագործակցության բնագավառում:

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2015թ-ին, ինչը ճանապարհ է բացում կրկնակի հարկման վերացման մասին պայմանագրի ստորագրման համար: ԱՄՆ-ն նման պայմանագրեր ունի Մերձբալթյան երկրների, Մալթայի, Ճամայկայի, Սլովենիայի և այլ երկրների հետ: Հայաստանը նման պայմանագրեր ունի Ավստրիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Չինաստանի, Իտալիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության, Նիդերլանդների և այլ երկրների հետ: