Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է Հանրային խորհրդի մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց նախագծի ընդունման անհրաժեշտությունը: «Դեռևս 2005թ. Սահմանադրության փոփոխություններից հետո սահմանված էր, որ նախագահը կարող է ստեղծել խորհրդակցական մարմիններ, ինչի հիման վրա հանրապետության նախագահը ստեղծել է Հանրային խորհուրդը: Դրանից հետո Հանրային խորհուրդը իր աշխատանքն իրականացրել է: Հաշվի առնելով Հանրային խորհրդի կարևորությունը՝ 2015թ. Սահմանադրությամբ հստակորեն նախատեսվեց այդ մարմինը, դրան տրվեց սահմանադրական կարգավիճակ՝ նշելով, որ այն լինելու է կառավարության խորհրդակցական մարմին է, իսկ դրա գործունեության կարգը սահմանվում է օրենքով»,-նշեց Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ Սահմանադրության կարգավորումներն անհրաժեշտություն են առաջացնում ունենալ Հանրային խորհրդի մասին օրենք: «Նախագծով հստակ սահմանվում են Հանրային խորհրդի խնդիրները, որոնք են պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը նպաստելը, կառավարության, պետական կառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության ձևավորմանը նպաստելը և այլն»,- մանրամասնեց փոխնախարարը:

Նախագծով սահմանվել է նաև Հանրային խորհրդի ձևավորման կարգը: Ի տարբերության ներկայիս Հանրային խորհրդի, որը կազմված է 36 անդամից, նախագծով նախատեսվում է, որ խորհուրդը բաղկացած կլինի 45 անդամից: «Գործող կարգավորումներով նախատեսված է, որ Հանրային խորհրդի անդամ կարող է լինել 18 տարին լրացած անձը, սակայն մենք բարձրացրել ենք չափանիշները և սահմանել, որ խորհրդի անդամ կարող է լինել 25 տարին լրացած անձը: Նախատեսել ենք, որ 12 ոլորտային հանձնաժողովների փոխարեն կլինեն 15 ոլորտային հանձնաժողովներ: Արտահերթ նիստեր կարող են նախաձեռնվել ոչ թե Հանրային խորհրդի անդամների ձայների 2/3-ով, այլ՝ ¼ պահանջով: Հանրային խորհրդի նիստերը պետք է անցկացվեն ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ: Հստակ նախատեսել ենք, որ խորհրդի նիստերը դռնբաց են, եթե խորհրուրդն այլ որոշում չի կայացնում: Հանրային խորհրդի ֆինանսավորումը հստակ նախատեսվելու է բյուջետային հայտում՝ պետական բյուջեում առանձնացնելով առանձին տող»,- մանրամասնեց Արթուր Հովհաննիսյանը:

Փոխնախարարը հստակեցրեց, որ Հանրային խորհրդի առաջին անդամներին նշանակելու է կառավարությունը, որից հետո նրանք կդիմեն համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին, հայրենակցական և ստեղծագործական միություններին, երիտասարդական և ուսանողական կազմակերպություններին, վետերանների միությանը և հասարակական այլ կառույցների՝ Հանրային խորհրդի անդամների թեկնածություններ ներկայացնելու հարցով: Դրանից հետո կանցկացվի վարկանիշային ընտրություն, այսինքն՝ տեղի կունենա գաղտնի քվեարկություն և ընտրված կհամարվեն առավելագույն ձայներ հավաքած 15 թեկնածուները, իսկ դրանից հետո Հանրային խորհրդի 30 անդամները կընտրեն մյուս 15 անդամներին: Դրանից հետո հանրապետության վարչապետը կառավարության նշանակմանը կներկայացնի Հանրային խորհրդի նախագահին, ով պետք է լինի 45 անդամներից որևէ մեկը»,- եզրափակեց փոխնախարարը: