ԱՄՆ զինված ուժերի գեներալ Փոլ Ֆանքը, ով Սիրիայի տարածքում և Իրաքում գործող ԱՄՆ գլխավորած կոալիցիայի զինված ուժերի հրամանատարն է, կոշտ արձագանք է տվել սիրիական Մանբիջի վրա հարձակվելու Թուրքիայի նախագահի   հայտարարություններին: 

Այս մասին հայտնում է թուրքական Diken  պարբերականը: 

 

Ամերիկացի հրամանատարը նշել է, որ Մանբիջի վրա թուրքական ԶՈւ հարձակման պարագայում իրենք համապատասխան հակահարված են տալու Թուրքիային:

«Կոալիցիոն ուժերը Մանբիջում են, որպեսզի ամրապնդեն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաղթանակը, եթե Թուրքիան հարձակվի Մանբիջի վրա մենք համապատասխան հակահարված ենք տալու»,-նշել է Փոլ Ֆանքը: 

Հրամանատարը ևս մեկ անգամ վերահաստատել է իրենց վստահությունը քրդական ուժերի նկատմամբ, որոնք համագործակցելով կոալիցիայի ուժերի հետ Ռաքքան ազատագրել են «Իսլամական պետության» ահաբեկիչներից:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Չավուշօղլուն  տարբեր հանդիպումների շրջանակներում ունեցած ելույթների ժամանակ ԱՄՆ-ին մեղադրում են Սիրիայի տարածքում քրդերին օժանդակելու և Թուրքիայի դեմ գործելու մեջ: Էրդողանը հայտնել էր, որ Թուրքական ԶՈւ-ն սիրիական Աֆրինից հետո շարժվելու է Մանբիջ, որտեղ տեղակայված են ԱՄՆ զորքեր: Էրդողանն ԱՄՆ-ին հորդորել էր իր զորքերը դուրս բերել Մանբիջից: ԱՄՆ-ը պատասխանել էր, որ իրենք զորքերը դուրս բերելու մտադրություն չունեն: