Վերջին տարիներին Հայաստան եկած զբոսաշրջիկների աշխարհագրությունն ընդլայնվում է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ զբոսաշրջիկների այցելության դինամիկ աճ է նկատվում մի քանի ուղղություններից:
«Հայաստան եկած զբոսաշրջիկների աճ է նկատվում աֆրիկյան, լատինամերիկյան, հեռավոր արևելյան երկրներից: Դինամիկ աճ կա Ֆիլիպիններից, Կորեայից, Ինդոնեզիայից: Կարևոր կայուն շուկա է Ճապոնիան: Ինչպես գիտեք, 2017 թվականին Ճապոնիայի քաղաքացիների համար սահմանվեց Հայաստան առանց վիզայի մուտքի ռեժիմ: Չինաստանի ուղղությամբ նույնպես լուրջ աշխատանք է տարվում, այս ուղղությամբ նույնպես ունենք այցելությունների շատ լավ դինամիկա: Չինաստանից Հայաստան 2017 թվականին 2016-ի համեմատ այցելությունների թիվն աճել է 75 տոկոսով»,-ասաց Մեխակ Ապրեսյանը: Նրա խոսքով, զբոսաշրջային լուրջ պոտենցիալ կա արաբական երկրներում, այս ուղղությամբ ևս զբոսաշրջիկ ակտիվ աճ է նկատվում:
Մեխակ Ապրեսյանը նշեց, որ զբոսաշրջիկների աճին նպաստում է վերջին տարիներին տարբեր ուղղությամբ իրականացվող հետևողական աշխատանքը, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումը, մարկետինգային միջոցառումները:
Նշենք, որ 2017 թվականին Հայաստանի ներգնա տուրիզմը աճել է 18.7 տոկոսով: Նախորդ տարի դեպի Հայաստան է եկել 1 մլն 494 հազար 799 այցելու: