Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը հրապարակել է Ադրբեջանի տնտեսության վերաբերյալ «Տնտեսական դիվերսիֆիկացման հեռանկարներ» զեկույցը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի բանկային համակարգում դոլարիզացիան բավականին բարձր է:

«Չնայած նրան, որ Ադրբեջանի միջազգային բանկը գտնվում է վերակազմավորման վերջնական փուլում, մասնավոր բանկերը կապիտալի ավելացման կարիք ունեն, հակառակ դեպքում կկանգնեն փակվելու ռիսկի առջև: Չնայած վերաֆինանսավորվող վարկերին, խնդրահարույց պարտավորությունների ծավալը դեռևս շատ մեծ է, և այս ամենը սահմանափակում է բանկերի վարկավորման հնարավորությունները»,-նշված է գործակալության զեկույցում:

Ադրբեջանի ֆինանսական շուկաների վերահսկիչ պալատի փոխանցմամբ՝ 2018-ի հունվարի 1-ի դրությամբ երկրում բանկային մասնաճյուղերի ընդհանուր թիվը եղել է 509:

Պալատի փոխանցմամբ՝ Ադրբեջանում բանկային մասնաճյուղերի թիվը նախորդ տարվա սկզբի համեմատ նվազել է 60-ով:

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ բանկերի թվի նվազումը նավթի համաշխարհային գների անկման, Ադրբեջանի նավթի արդյունահանման ծավալների նվազման, ինչպես նաև նախորդ երկու տարում մանաթի փոխարժեքի թռիչքային տատանումների հետևանքով Ադրբեջանում սկսված տնտեսական ճգնաժամային իրավիճակի արդյունք է: Երկրում սկսված տնտեսական ճգնաժամի պատճառով բնակչության մեծ մասը չի կարողանում մարել բանկային պարտքերը, ինչի արդյունքում բանկերը նույնպես հայտնվել են դժվարին կացության մեջ և սկսել են նվազեցնել իրենց մասնաճյուղերի թիվը: Նախորդ երկու տարիներին Ադրբեջանում փակվել է մեկ տասնյակից ավելի բանկ: