Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում։ Օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանն ունի խիստ բացասական վերաբերմունք։

Վերջինիս դիտարկմամբ՝ առաջարկվող փոփոխություններով իշխանությունն ընդամենն ընդգծում է Հայ առաքելական եկեղեցու առավելությունները՝ նրան վստահելով նաև հոգևորսության և գրաքննության դեր։ 

Թեմայի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Կոմիտաս վարդապետ Հովնանյանը նշեց, որ Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանի կոշտ դիրքորոշումը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իրեն չի զարմացնում, ինքը գիտի դրա պատճառը․ «Ավետիք Իշխանյանը, եթե այդպես չխոսի, նրան ոչ ոք չի ֆինանսավորի, այնպես որ՝ Իշխանյանի հակաէջմիածնական, հակաօրենսդրական դիրքորոշման պատճառն ինձ հայտնի է։ Գիտեք՝ մի անգամ ես նրան հարցրեցի, որ եթե իր երեխային փորձեն իրենից խլել, արդյո՞ք ինքը ոչինչ չի անի իր երեխային պաշտպանելու համար։ Պատասխանը եղավ՝ այո՛, կպաշտպանեմ»,-ասաց Կոմիտաս վարդապետը և նկատեց․ «Տվեք մարդուն դրամ և նա պատրաստ է ձեր տված գումարի դիմաց ձեր ուզած տոնայնությամբ, ինչ ուզեք՝ ասել»։

Հոգևորականը հարց է ուղղում Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը սևացնել փորձող գործիչներին՝ նշելով․ «Հիմա ես ուզում եմ հարցնել՝ ի՞նչ վատ բան կա, որ մեր սարկավագները գնում են բանակ և մեր զինվորների կողքին կանգնում են հոգևոր եղբոր պես։ Ինչո՞ւ են փորձում ամեն կերպ ժողովրդավարության, ազատամտության անվան տակ քաոսի մատնել մեր երկիրը։ Սա՞ է արդյոք մեր նպատակը, այս կե՞րպ ենք արդյոք ուզում մեր անկախությունը պահպանել»,-նկատեց վարդապետը և հավելեց, որ Ավետիք Իշխանյանն, ով  Ռաֆայել Իշխանյանի զավակն է, իր հորը դավաճանելու կեցվածք է որդեգրել,  որը պարզապես դավաճանություն է և հայհոյանք՝ հոր հիշատակին։ 

Հիշեցնենք, որ ըստ Արդարադատության նախարարության հիմնավորման՝ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայում գործող օրենքն  ընդունվել է դեռևս 1991  թվականին` հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ԽՍՀՄ օրենքը: Այդ առումով, Օրենքը պարունակում է մի շարք թերություններ, հակասություններ և չի համապատասխանում ներկա իրավիճակին, երբ ՀՀ-ում իրականացվել են սահմանադրական բարեփոխումներ, ՀՀ-ն միացել է միջազգային համաձայնագրերին և ստանձնել որոշակի պարտավորություններ։ 

Աղավնի Սուքիասյան