Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը շրջայց կատարեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական կենտրոնում:
Շրջայցի ընթացքում Արմեն Սարգսյանին ուղեկցում էին «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:
Արմեն Սարգսյանը շրջայց կատարեց ընկերության ուսումնական կենտրոնում, զրուցեց ուսանողների և աշխատակիցների հետ, հետաքրքրվեց ապագայի նրանց ծրագրերով: Շրջայցից հետո Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ:
«Դուք ինձ այստեղ նախ ցույց տվեցիք կրթական համակարգը, որը հոյակապ է և տպավորիչ: Ես «Սինոփսիս»-ի մասին շատ եմ լսել և շատ լավ բաներ եմ լսել' որպես կրթական հաջող համակարգ և հսկայական հաջողության լավ օրինակ: Հիմա եկա և իմ աչքերով տեսա: Համոզված եմ, որ «Սինոփսիս»-ը' ի դեմս ինձ, բազմաթիվ բարեկամների շարքում ևս մեկ բարեկամ կունենա: Եվ ես հույս ունեմ, որ նաև դուք կլինեք իմ բարեկամը' անկախ նրանից, թե ես կլինեմ նախագահը, թե ոչ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Սարգսյանը:
Նա ցանկություն հայտնեց դառնալ «Սինոփսիս Արմենիա»-ի թիմի անդամ' ընդգծելով, որ ինքն էլ իր փոքրիկ ներդրումն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Արմեն Սարգսյանը նշեց, որ ինքը «Տետրիս» խաղի հիմնադիրներից մեկն է' ներկայացնելով խաղի ստեղծման նախապատմությունը: «Եթե իմ այս ներդրումը բավարար է, որպեսզի դուք ինձ ընդունեք ձեր ակումբ, ես շատ ուրախ կլինեմ»,- ասաց Արմեն Սարգսյանը, ինչին հավաքվածները պատասխանեցին ծափահարություններով:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն ընդգծեց, որ Արմեն Սարգսյանը ժամանակին իր ներդրումն է ունեցել, որպեսզի ՏՏ ոլորտի արտասահմանյան հեղինակավոր կազմակերպություններ Հայաստանում ներկայացված լինելու ցանկություն ունենան: Նա նշեց, որ կա ՏՏ ոլորտն առաջնորդելու խնդիր, որպեսզի լինի որակյալ կրթություն, որպեսզի հնարավոր լինի տասնապատկել հաջողությունները: Մուսայելյանի խոսքով' դրա համար անհրաժեշտ հնարավորությունն ու ռեսուրսները Հայաստանն ունի: