Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը՝ ընդլայնված կազմով: Օրակարգում ընդգրկված էին համազգային և ներեկեղեցական մի շարք հարցեր:
Այս համաժողովից հետո ՀՀ նախագահական նստավայրում նախագահ Սարգսյանը հյուրընկալեց Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) անդամներին, ովքեր ս.թ. փետրվարի 20-23-ին մասնակցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվող ԳՀԽ նիստին:
Բարձրաստիճան հոգևորական և աշխարհական 24 անդամներից կազմված խորհրդի նախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, ատենապետերը` Երուսաղեմի և Կ. Պոլսի Հայոց պատրիարքները:
Հանրապետության Նախագահը ողջունել է խորհրդի անդամներին իր նստավայրում և ընդգծել Հայ Առաքելական Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի որոշումների կարևոր նշանակությունը ոչ միայն եկեղեցական և հոգևոր, այլև հասարակական կյանքում:
Հանրապետության Նախագահը ազգային և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար պետական բարձր պարգևներ է հանձնել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին: