Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն, անդրադառնալով սիրիական Աֆրինում տեղի ունեցող դեպքերին, Սիրիային և Թուրքիային երկխոսության կոչ է արել:
Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
«Թուրքիան Դամասկոսի հետ անմիջական երկխոսության միջոցով կարող է իր անվտանգության շահերն ամբողջովին պաշտպանել»,-Մոսկվայում Պակիստանի արտգործնախարար Հոջա Մուհամեդ Ասըֆի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Սերգեյ Լավրովը:
Լավրովը նշել է, որ ինքը շատ լավ հասկանում է և Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի մտահոգությունները, և քրդերի ցանկությունները: Լավրովը հավելել է նաև, որ այս հարցում շահարկումներ չպետք է լինեն:
«Թուրքերի մտահոգությունները և քրդերի ցանկությունը ընդունում ենք: Մեզ համար ընդունելի չէ այն, որ օտար ուժերը տարբեր քաղաքական նպատակներով Սիրիայում շահարկում են այդ ամենը»,-նշել է ՌԴ արտգործնախարարը:
Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր` փետրվարի 20-ին, հայտարարել է, որ առաջիկա օրերին թուրքական ԶՈւ-ն պատրաստվում է շրջափակման մեջ վերցնել Աֆրինի նույնանուն շրջկենտրոնը: