Ադրբեջանում ներկայիս իշխանության ժամանակաշրջանում անընդհատ խորացող սոցիալական խնդիրների, կոռուպցիայի, թալանի, անարդարությունների հետ կապված ինքնասպանության դեպքերը սովորական են դարձել: Բոլոր տարիքային խմբերում ամեն օր ինքնասպանության դեպք է տեղի ունենում: Ինքնասպանության են դիմում ինչպես տարեցները, այնպես էլ երիտասարդ մայրեր, տղամարդիկ, եւ, նույնիսկ, անչափահասները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանի Ապշերոնի շրջանի Հոքմալի գյուղի բնակիչ 1962թ. ծնված Շըխահմեդով Ալիզադե Վեքիլ օղլուն իր տանը փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերն ինքնասպան է եղել:

Շըխահմեդով Ալիզադե Վեքիլ օղլուի ինքնասպանության պատճառները դեռևս հայտնի չեն, ոստիկանությունը դեպքի առթիվ քննություն է սկսել:

Ադրբեջանում ամեն օր առնվազն մեկ ինքնասպանության դեպք է գրանցվում, լինում են օրեր, երբ ինքնասպանությունների թիվը հասնում է 3-4-ի:

Եթե հաշվի առնենք, որ սա միայն ԶԼՄ-ներում հրապարակված և պաշտոնապես հաստատված վիճակագրություն է, դժվար չէ պատկերացնել, որ իրականում ինքնասպանությունի թիվն ավելի մեծ է:

Փորձագետները մարդկանց ինքնասպանություն գործելու հարյուրավոր պատճառներ են նշում, սակայն Ադրբեջանում տեղի ունեցող ինքնասպանությունների գլխավոր պատճառներն են համարվում սոցիալական ծանր վիճակը, բանկերին ունեցած պարտքերը, խոսքի ազատության խիստ սահմանափակմամբ և կամայական չհիմնավորված ձերբակալություններով ուղեկցվող ժողովրդավարության բացակայությունը, ինչը մարդկանց սուր հոգեբանական խնդիրների պատճառ է դառնում:

Ադրբեջանցի փորձագետները, անդրադառնալով երկրում ինքնասպանությունների վիճակագրությանը, նշում են. «Արդեն քաղաքացին համոզվել է, որ պետությունն իրեն չի պաշտպանում, պետությանը չի հետաքրքրում իր քաղաքացու ծանր վիճակը: Ադրբեջանը ինքնասպանությունների ռեկորդ է խփում, սակայն, կառավարությունը զարգացման ռեկորդից է խոսում: Ադրբեջանից արդեն ինքնասպանության հոտ է գալիս: Տարվող քաղաքականությունը քաղաքացուն կյանքից հոգնեցրել է: Մի խումբ մարդիկ վերածվեցին միլիարդատերերի, ժողովրդի դժբախտության վրա երջանկություն կառուցեցին: Այս իշխանությունը քաղաքացուն մահվան է ուղղել եւ մահ է խոստանում նրան: Աղքատության արմատը կտրելու փոխարեն իշխանությունը աղքատների արմատն է կտրում»:

Ադրբեջանում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չի անցկացվում: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդած տվյալներն էլ ոչ միշտ է, որ արտացոլում են իրական պատկերը: