Նիդերլանդների հայկական կազմակերպությունները Հաագայում փետրվարի 27-ին տեղի ժամանակով ժամը 13:00-ին (Երևանի ժամանակով 16:00-ին) կանցկացնեն քայլարշավ-ցույց' սումգայիթյան ջարդերի և Արցախյան ազատամարտի 30-ամյակի կապակցությամբ։ Ինչպես նշեց «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյանը, Հաագայի Խաղաղության պալատի մոտից ցուցարարները քայլարշավով կշարժվեն դեպի Ադրբեջանի դեսպանություն:
«Մեր գլխավոր պահանջն ուղղված է Ադրբեջանի ագրեսիայի դեմ: Մենք պահանջում ենք հարգել Արցախի ժողովրդի իրավունքը: Հոլանդիան, իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի մաս չի կազմում, բայց իր եվրոպական կառույցներով կարող է ազդեցություն ունենալ: Քայլարշավի մասնակիցները ցուցատախտակներով, կոչերով իրենց ձայնը կբարձրացնեն խնդրի վերաբերյալ»,-ասաց Մաթո Հախվերդյանը:
Հոլանդիայում Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ դեսպանատան առջև նախատեսում է ելույթ ունենալ:
«Իմ ելույթի մի մասը ներկայացնելու եմ ադրբեջաներենով, հուսալով, որ գոնե այսպես հայության պահանջներն ավելի հասկանալի լինեն։ Դեսպանությունից սովորաբար իրադարձություններին հետևում են տեսախցիկներով: Ցուցարարները հզոր վանկարկումներով իրենց պահանջն են ներկայացնելու»,-ասաց Մասիս Աբրահամյանը:
Նախատեսված է, որ ելույթներ կլինեն Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայից, ՀՅԴ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունից և այլն:
Բանախոսները նշեցին, որ փետրվարի 17-ին հանրագիր են ներկայացրել Նիդերլանդների խորհրդարանին, որով պահանջվում էր առավելագույն ջանքեր գործադրել' ազդելու Ադրբեջանի հռետորաբանության վրա, որով փորձ է արվում խաթարել առանց այդ էլ անկայուն հրադադարը։ Մասիս Աբրահամյանը տեղեկացրեց, որ ամեն տարի այսօրինակ պահանջագրերով հոլանդահայությունը փորձում է Արցախի ժողովրդի արդար պահանջները հասցնել պետության ղեկավարությանը։ Ըստ նրա' այս տարի նույնպես պետական և հասարակական օղակներում բարձր հնչեղություն ստացավ արցախահայության արդար պահանջը։
Մաթո Հախվերդյանն էլ փոխանցեց, որ նման բովանդակությամբ հանրագիր ներկայացվել է նաև Արտաքին գործերի նախարարությանը: